ԻՊ-ը ականապատ բեռնատարներ է պայթեցրել Քոբանիի մերձակայքում

«Իսլամական պետության» ահաբեկիչները հոկտեմբերի 20-ի երեկոյան Հալեպի հյուսիս-արևելքում գտնվող Քոբանի քաղաքում 2 ականապատ բեռնատար են պայթեցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունները որոտացել են Սինաա թաղամասի մերձակայքում՝ պատճառելով նյութական խոշոր վնասներ, մարդկային վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Իրաքյան Քրդստանը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Սիրիայի քրդերին, ովքեր պայքարում են Քոբանի քաղաքի համար: Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչ Ջաբբար Յավարի խոսքով` իրենք պատրաստ են օդային կամ ցամաքային ճանապարհով հավելյալ ուժեր ուղարկել: Քրդական ուժերը հոկտեմբերի 20-ին մեծ քանակությամբ զենքեր և զինամթերք էին ստացել Իրաքյան Քրդստանից:

Քոբանի կամ Այն ալ Արաբ քրդաբնակ քաղաքը համարվում է Քրդական ինքնավար ադմինիստրացիայի խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Հոկտեմբերի սկզբին այնտեղ բնակվում էին մոտ 100 հազար բնակիչներ: Քաղաքից և շրջակա գյուղերի ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի համար, քանի որ այն գրավելու դեպքո ւմ կազմակերպությունը վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանի կամ Այն ալ Արաբ քաղաքը գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում