Չեխ պատգամավորը դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը

Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը հոկտեմբերի 20-ին նամակ է հղել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նամակում չեխ պատգամավորն անդրադարձել է «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական կազմակերպության կողմից Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Սրբոց Նահատակաց համալիրի նկատմամբ իրականացված բարբարոսական գործողություններին:

Իր եւ իր գործընկերների անունից խոստորեն դատապարտելով տեղի ունեցածը` Ռոբին Բյոնիշը նշել է, որ ցնցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համալիրի նկատմամբ նման անհանդուրժողական գործողություններից:

Պատգամավորը կատարվածի առնչությամբ իր խորին կարեկցանքն է հղել հայ ժողովրդին եւ հույս հայտնել, որ միջազգային հանրությանը կհաջողվի հնարավորինս շուտ կանխել «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական խմբավորման ընդլայնման միտումները տարածաշրջանում:

Սեպտեմբերի 21-ին` ժամը 11.30-ին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Ըստ շրջանառվող վարկածի, կատարվածի համար պետք է պատասխանատվություն կրի Թուրքիան, քանի որ ոչ միայն հովանավորում է գրոհայիններին, այլեւ կատարվածի հետեւանքով գրոհային վիրավորները բուժում են ստանում թուրքական հիվանդանոցներում: Հայկական կողմը դատապարտող հայտարարություններ է տարածել կատարվածի առնչությամբ: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին` Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին Արամ Ա կաթողիկոսի կողմից այն հռչակվել է համազգային ուխտատեղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում