Պաշտոնական Անկարան հավասար մեղսակցություն ունի Իսլամական պետության գործողություններում. Սեդրակ Աճեմյան

«Իսլամական պետություն» խմբավորման գոյատևման համար Թուրքիան վճարում է հսկայական գումարներ: Այսկերպ Թուրքիան մեծ խնդիրներ է լուծում՝ թուլացնում է ողջ արաբական աշխարհը՝ ի մասնավորի Սիրիան, Իրաքն ու Լիբանանը, դառնում տարածաշրջանի ամենահզոր իսլամական պետություն և, բացի այդ, ունենում է ամեն ինչի պատրաստ դաշնակից Իրանի հետ հարաբերությունների հստակեցման հարցերում: Նման համոզմունք հայտնեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

-Պարոն Աճեմյան, իբրև համասփյուռ կուսակցության Կենտրոնական Վարչության անդամ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Մերձավոր Արևելքում: Որքանո՞վ է սպառնում ԴԱԷՇ (Իսլամական պետություն) ահաբեկչական կառույցի գործունեությունը Մերձավոր Արևելքի հայերին:

-Իմ խորին համոզմամբ ԴԱԷՇ կոչված կազմակերպությունը հայության ֆիզիկական գոյությանը սպառնում է երկու առումներով: Առաջին, որ մենք գործ ունենք համարյա թե պատմական նախադեպը չունեցող ծայրահեղական իսլամիստների հետ, ովքեր արդեն իսկ պատմության մեջ կմնան, թերևս, վերջին տարիների ամենադաժան կազմակերպություն, որը մերժում է ամեն ինչ, բացի ֆունդամենտալ իսլամից: Մենք՝ իբրև քրիստոնյա ժողովուրդ, արդեն իսկ չենք կարող մեզ անվտանգ զգալ, երբ Մերձավոր Արևելքում գործում է և բավական մեծ տարածքներ է գրավել այսպիսի մեծ ահաբեկչական կառույց: Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումն ասածիս վառ ապացույցն է: Երկրորդ, շատ կարևոր է փաստել, որ ԴԱԷՇ-ի անմիջական հովանավորներից մեկը Թուրքիան է: Պաշտոնական Անկարան հավասար մեղսակցություն ունի ԴԱԷՇ-ի կատարած գործողություններում: Վստահեցնում եմ, որ այսպես կոչված Իսլամական պետության գոյատևման համար Թուրքիան վճարում է հսկայական գումարներ: Այսկերպ Թուրքիան մեծ խնդիրներ է լուծում՝ թուլացնում է ողջ արաբական աշխարհը՝ ի մասնավորի Սիրիան, Իրաքն ու Լիբանանը, դառնում տարածաշրջանի ամենահզոր իսլամական պետություն և, բացի այդ, ունենում է ամեն ինչի պատրաստ դաշնակից Իրանի հետ հարաբերությունների հստակեցման հարցերում: Թուրքիան Արևմուտքի լռության պայմաններում տարածաշրջանում ստեղծեց իր կծան շունը՝ ի դեմս ԴԱԷՇ-ի, որի խղճի վրա են ծանրացել տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց կյանքերը: Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, ապա ԴԱԷՇ-ի, կամ իսլամական այլ ֆունդամենտալ կառույցների հովանավորությունը հնարավորություն է տալիս Թուրքիային խրախուսել Մերձավոր Արևելքից հայերի արտագաղթը, որն իր համար միշտ եղել է կոկորդում մնացած ոսկոր: Մերձավոր Արևելքում ծնված հայը սերնդեսերունդ, ապրելով Լիբանանում, Սիրիայում կամ, ասենք, Հորդանանում, որպես կանոն պահպանում է իր էթնիկ ինքնությունը, մայրենի լեզուն և պահանջատիրության առաջամարտիկ է: Ավելին, կարծում եմ, որ Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումից պաշտոնական Անկարան անմասն չի մնացել:

-Այդ դեպքում, ի՞նչ եք կարծում, որտեղ մենք պետք է փնտրենք բնական դաշնակիցներ:

-Թերևս առաջին անգամ է հնչում նման հայտարարություն, սակայն Հայաստանն ու Սփյուռքը պետք է փորձեն հարաբերություններ խորացնել քրդերի՝ ի մասնավորի Հյուսիսային Քրդստանի ղեկավարության հետ: Պաշտոնական Էրբիլի հետ հարաբերությունների խորացումը ձեռնտու է մեզ մի քանի առումով: Նախ, այսօր Հյուսիսային Քրդստանը տարածաշրջանի ամենակազմակերպված միավորներից է, որ ունի ընդգծված հակաթուրքական դիրքորոշում: Այն, վստահ եմ, որ վաղ թե ուշ ճանաչվելու է միջազգային հանրության կողմից իբրև անկախ, սուվերեն պետություն, ունի մեծ ամբիցիաներ, որոնք, բնականաբար, պաշտոնական Անկարայի շահերից չեն բխում: Նայեք միայն, թե պաշտոնական տվյալներով, վերջին տարիներին Քրդստանը որքան զենք է գնել: Դրանք միլիարդներ են: Այդ պետությունը սլացիկ զարգանում է, Էրբիլը տարածաշրջանի Սինգապուր դառնալու ճանապարհին է: Հետո, մենք քրդերի հետ մշտապես ունեցել ենք ընդհանուր շահեր, որոնք չպետք է մոռացության տանք: Իհարկե՛, այդ հարաբերությունները պետք է կառուցվեն զգույշ, սակայն, վստահ եմ, որ դա այլընտրանք չունի: Հայերն ու քրդերն ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ Թուրքիա պետության վարած քաղաքականությունը:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Թուրքիայի ներսում տիրող տրամադրություններին: Կարծես թե այսօր ավելի շատ թուրքեր են խոսում Հայոց ցեղասպանության մասին ու դատապարտում անցյալը:

-Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության համար թշնամին երբեք թուրք ժողովուրդը չի եղել: Մեր թիրախը Թուրքիա պետության վարած քաղաքականությունն է, նրա իշխանությունները: Այո՛, այսօր բազմաթիվ Հնչակյան գործիչներ այցելում են Թուրքիա, մասնակցում խորհրդաժողովների, ունենք բազմաթիվ թուրք համակիրներ, ովքեր բարձրաձայնում են իրենց պետության ոճրագործ և ուրացող քաղաքականության մասին: Թուրքիայի դեմ զենքը ձեռքին պայքարելը միակ տարբերակը չէ: Պետք է մտնել թուրք ժողովրդի առաջադեմ զանգվածների մեջ, փորձել տեղեկացնել նրանց տեղի ունեցածի մասին, տալ նրանց տեղեկատվություն իրականության մասին: ՍԴՀԿ-ն այդ ճանապարհն է ընտրել: Անցած տարի Ստամբուլի Սուլթան Բայազիտ հրապարակում մի քանի տասնյակ թուրքեր նշեցին տասնհինգ թվականին կախաղան բարձրացված քսան Հնչակյան հերոսների նահատակության տարելիցը: Ստամբուլում թուրքերը բարձրացրել էին Հնչակյան կուսակցության դրոշը: Այո՛, մենք իհարկե նպաստում ենք այդ գործընթացին, բայց կարծում եմ, որ թուրք առաջադեմ մտավորականության մեջ ինչ-որ ձնհալի երևույթներ են նկատվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում