Մեկ տարի առաջ ձեռքից չբռնեցին, իսկ այսօր հռչակումներ են անում.ազնի՞վ, թե զուտ քաղաքական նկրտումներ

Երբ անցած տարի «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով նստացույց սկսեց  Ազատության հրապարակում՝ ասելով, որ   դուրս է  եկել արժեքների հեղափոխություն իրականացնելու, որի մեջ մտնում է նաև իշխանության տապալումը, նրա մոտ այցելող  քաղաքական կամ կուսակցական ներկայացուցիչների բազմություն չնկատվեց: Երբ օրեր անց՝ նոյեմբերի 5-ին, Շանթ Հարությունյանը որոշեց պաստառում գրվածը գործի դնել՝ նախապես հայտարարելով  իրականացման մեթոդների մասին, որ բացի քարից, փայտից, ռագատկից ու մարգանցովկա բրոնզից այլ զենք չունեն, ոչ մի ընդդիմադիր կամ արտահերթ ընտրություններ պահանջող, ցանկացող քաղաքական ուժ ոչ այդ օրը նրա կողքը կանգնեց, ոչ էլ առավելևս ձեռքից բռնեց և ասեց.«Շանթ, արի նման բան մի արա, տղայիդ հեռու պահի»: Այնպես չէ, որ նրա և ընկերնց.երի  ձերբակալությունից հետո ակցիաները մարդաշատ էին: Իհարկե, այդ օրերին  ընդդիմադիր գործիչներից գնացին նրան տեսակցության, բայց…իսկ հիմա, երբ Շանթ Հարությունյանը դատապարտված է  6 տարվա ազատազրկման,  համախոհ ընկերներն էլ 1-7 տարի ժամկետներով, իսկ  որդին՝ Շահեն Հարությունյանը 4 տարվա  պայմանական ազատազրկման, կուսակցություններն իրար հերթ չտալով նրան քաղաքական բանտարկյալ են հռչակում, ելույթներ ունենում, իսկ  լուրջ գործնական քայլ չկա, դա մնում է թերևս իրավապաշտպաններին:

Չեմ ուզում  մտածել, որ այստեղ նաև սեփական քաղաքական խնդիրներն են լուծվում զուտ քարոզչական հարթությունում, բայցև չեմ կարող չանել դա: Ավելին, չեմ կարող բացառել, որ օրակարգի պակասությունից ինչ-որ մի պահի նույն այս քարոզչական հարթության վրա Շանթ Հարությունյանի և ընկերների գործը պայքարի թիրախ, թեմա կամ  գործիք կդառնա: Չէի  ցանկանա,  բայց քաղաքականության խաղի կանոններում ինչ ասես կարող է լինել: Եթե այն թեկուզ  ժամանակավոր ինչ-որ խնդիր կարող է  լուծել:

Ի դեպ, երեկ  լրագրողների հետ հանդիպմանը  Ազատ Արշակյանն ակնարկեց,  թե մեկ տարի առաջ նոյեմբերի 5-ին արջի ծառայություն է մատուցվել, այլ հարց է ՝ ոստիկանությա՞ն թե՞ Շանթ Հարությունյանի դեմ: Իսկ իրավապաշտպան  Ավետիք Իշխանյանն էլ  ցավով նշեց, որ Նոյեմբերի 5-ի գործով անցնող տղաների հետ կապված քաղաքական և հասարական ճնշում չեղավ, Շանթ Հարությունյանն աջակցություն չստացավ, ինչի ականատեսը եղանք 2008-ի Մարտի մեկի գործով  դատապարտվածների դեպքում: Այստեղ ուզում եմ հիշեցնել, որ 2008-ի ապրիլի 10-ին Շանթ Հարությունյանը կալանավորվել է մարտի 1-ի դեպքերին մասնակից լինելու համար,  2009-ին ազատ արձակվել հայտնի և աղմկալից դատավարությունից հետո, ուր ներկայացնում էր իր պաշտպանությունը անձամբ, առանց պաշտպանի և կարողացավ ամբողջովին իր և ընկերների վրայից հանել բոլոր մեղադրանքները, ներառյալ անմեղսունակության մեղադրանքը, որը փորձում էին վերագրել իրեն։

Վերադառնալով  սկզբնական մտքիս և մտահոգություններիս,  ուզում եմ  ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Շանթ Հարությունյանն ամբողջ կյանքը պայքարել է ՌԴ-ի դեմ, նրա կայսերապաշտական նկրտումների, վերջին տարին նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցման, բայց նրան քաղբանտարկյալ հռչակող  ՀԱԿ-ի հայտարարության մեջ օրինակ չկա խոսք, որ Շանթի ձերբակալումն ու ազատազրկումն իշխանությունների պատասխանն է նրա հակառուսական  դիրքորոշման, «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության մեջ էլ նման հստակ գիծ չկա, նույնը նաև մյուսների դեպքում: Բոլոր դեպքերում օգտագործվել է «քաղաքական հայացքներ» ձևակերպումը:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում