Պուտինը ցավակցություն Է հայտնել Օլանդին Total-ի ղեկավարի զոհվելու կապակցությամբ

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր Է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին «Վնուկովո» օդանավակայանում Total ընկերության ղեկավար Քրիստոֆ դը Մարժերիի զոհվելու կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Խնդրում եմ Ձեզ ամենաանկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքը հայտնել Ք. դը Մարժերիի՝ ֆրանսիացի ականավոր ձեռնարկատիրոջ հարազատներին եւ մերձավորներին, որը կանգնած Էր բազմաթիվ խոշոր համատեղ ծրագրերի ակունքների մոտ, որոնք դրել են Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բազմամյա բեղմնավոր համագործակցության հիմքը: Ի դեմս Ք. դը Մարժերիի մենք կորցրինք մեր երկրի իսկական բարեկամին, որի մասին կպահպանենք ամենաբարի հիշատակը»,- ասված Է Պուտինի հեռագրում:

Աշխարհի խոշորագույն նավթային կոնցեռններից մեկի՝ Total-ի նախագահ Քրիստոֆ դը Մարժերին զոհվել Է հոկտեմբերի լույս 21-ի գիշերը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից թռչելիս: Նրա ինքնաթիռը մխրճվել Է ձնամաքրիչ մեքենայի մեջ, որը, ՌԴ-ի Քննչական կոմիտեի տվյալներով՝ վարել Է հարբած վարորդը: Մարժերի հետ միասին զոհվել Է անձնակազմի եւս երեք անդամ:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ՌԴ-ի Քննչական կոմիտեն պատահարի գլխավոր վարկածներ Է համարում կարգավարի սխալը եւ ձնահամաքրիչի գործողությունները, նաեւ ստուգվում են եղանակային գործոնի եւ օդանավավարման սխալի վարկածները: Հարուցվել Է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում