Իրանը Հայաստանին որպես տարանցիկ երկիր է տեսնում

Հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել էր ԻԻՀ: Իրանը Հայաստանի այն հարևանն է, որի հետ այժմ էլ գոյություն ունեն բավական խորը համագործակցություն և զարգացած փոխհարաբերություններ: Բայց առավել կարևոր է այն, որ երկու երկրների հարաբերությունները ունենալով բարձր մակարդակ, դեռևս զարգանալու ու նորանոր ոլորտներ ընդգրկելու լայն հնարավորություններ ու հեռանկարներ ունեն:

Երեկ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսում Իրանի առաջին փոխնախագահը պաշտոնապես հայտարարել է` «Իրանը ձգտում է Հայաստանը տարանցիկ ուղիի դարձնել Ռուսաստան ապրանք արտահանելու համար»:

Այս հայտարարությունը այս օրերին վարչապետի այցի ընթացքում հնչած թերևս ամենակարևոր հայտարարություններից մեկն է, քանի որ այն արտահայտում է վերջերս բազմիցս քննարկվող` Հայաստանի` որպես տարանցիկ ուղի հանդես գալու և տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ Իրանի դրական դիրքորոշումը:

Իրանը Հայաստանի միջոցով հնարավորություն է ունենում դուրս գալ սևծովյան տարածաշրջան` ընդլայնելով ապրանքաշրջանառության աշխարհագրական սահմանները: Մյուս կողմից, Իրանը, թեև Կասպից ծովի միջոցով է իրականացնում Ռուսաստանի հետ իր կապը, բայց Հայաստանն էլ կարող է դառնալ այլընտրանքային ուղի, հաշվի առնելով Իրանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունների առանցքային նշանակությունը:

Միևնույն ժամանակ Հայաստնն Իրանի միջոցով կարող է դուրս գալ պարսից ծոց ու դեպի Հարավային ու Հարավ-արևելյան Ասիայի երկրներ: Այսինքն` կոմունիկացիայի ոլորտում սպասվող համագործակցությունը խիստ փոխշահավետ է երկու երկրների համար էլ:

Հաջորդ դրվագը Իրանի կողմից Հայաստանում սպասվող ներդրումներն են, որը կարող է խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը, ինչպես նաև Իրանի համար արտադրական նոր ոլորտներ նվաճելու դաշտ հանդիսանալ: Մյուս կողմից, համապատասխան արտադրանքը հնարավոր կլինի արտահանել նաև Իրանի` ավելի քան 75 մլն-անոց շուկա:

Այսպիսով, հայ իրանական հարաբերությունների զարգացման լուրջ հեռանկար է բացվել: Հայաստանի դերակատարությունն այս պարագայում մեծանում է նաև որպես ԵՏՄ անդամ, ինչը մեր կարծիքով, էլ ավելի շահեկան է դարձնում ՀՀ-ի հետ համագործակցությունն Իրանի համար ու բարձրացնում է մեր պետության դերն այդ գործընթացներում:

Դավիթ Պետրոսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում