Մարդու իրավունքների եվրոհանձնակատարը մեկնում է Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հոկտեմբերի 22-24-ը կայցելի Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Եվրոհանձնակատարի` Ադրբեջան այցի ծրագիրը չի բացահայտվում:

Մինչ այդ Ն. Մուժնիեկսը Բաքու էր ժամանել 2013 թվականի մայիսին եւ հանդիպումներ էր անցկացրել պաշտոնական անձանց ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի արդյունքներով Ադրբեջանի իշխանություններին հանձնարարություններով զեկույց էր պատրաստվել:

Գործակալությունը հայտնել է, որ միջազգային Freedon House իրավապաշտպան կազմակերպությունը եւ «Բաց հասարակություն» հիմնադրամը հոկտեմբերի 27-ին Վաշինգտոնում կազմակերպում է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացման վիճակի հետ կապված քննարկումներ: Նշվում է, որ «մտքերի փոխանակությունը պայմանավորված է վերջին մեկ տարում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կտրուկ վատթարացման եւ քաղաքացիական հասարակության վրա շարունակվող ճնշման հետ»: Այս տարի Վաշինգտոնում դա արդեն երրորդ նման լսումներն է Ադրբեջանի գծով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում