Ստամբուլում աղոթել են Պոլսո Հայոց պատրիարքի ապաքինման համար

Ստամբուլի Սամաթիա թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի գլխավորությամբ, ինչպես նաև եպիսկոպոս Սահակ Մաշալյանի և պատրիարքարանի բոլոր հոգևորականների մասնակցությամբ աղոթք է իրականացվել շուրջ 7 տարի անգիտակից վիճակում գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Իր խոսքում Արամ Աթեշյանը կոչ է արել բոլորին աղոթել պատրիարքի շուտափույթ ապաքինման համար: Պատարագի ավարտից հետո Սահակ Մաշալյանն իր քարոզչության մեջ խոսել է Մութաֆյանի` հայոց եկեղեցու և հայկական մշակույթի մեջ ունեցած կարևոր դերի մասին: «Ճանաչողները շատ լավ գիտեն Մեսրոպ պատրիարքին, նա արդեն յոթ տարի է մեզ հետ չէ: Ես նրա աշակերտն եմ եղել: Իմ կյանքում նա առանձնահատուկ տեղ ունի: Ես նրա կողքին էի այն ժամանակ, երբ Շնորհք պատրիարքը նրան կարգադրեց որպես քահանա: Նա մեր ամենամեծ ուսուցիչն էր: Կային ժամանակներ, երբ նրա խոսքերի հետ էինք քնում և արթնանում, մեր օրակարգը նա էր սահմանում: Չգիտեմ, թե ինչու է Աստված նրան մեզանից հեռացրել և այդքան հեռու տարել: Նա այս պահին հանգստանում է: Նրա հոգին է հանգստանում, քանի որ հեշտ չէ ժողովրդի պատրիարք լինելը: Սա այն պատճառով չէ, որ մենք վատ ժողովուրդ ենք, հակառակը, լավ ժողովուրդ լինելու հետևանքով է այդպես: Մեսրոպ պատրիարքն այս համայնքի միության և միասնության համար հնարավորինս ամեն բան արեց»,- նշել է Մաշալյանը:

Պատարագի ավարտին հոգևորականներն այցելել են Մութաֆյանին նրա հիվանդասենյակ: Այստեղ նրանք աղոթել են սուրբ մյուռոնով օծված պատրիարքի ապաքինման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում