AM | RU | EN
USD
EUR
RUB

Ես մերկ հոգի եմ փնտրում...

Հոգեբանները թեսթեր ունեն, որով ստուգում են մարդու հոգեկան առողջությունը։ Ձեզից շատերն երևի լրացրած կլինեն նման թեսթեր։ Որպես կանոն, հազար ձևով, նկատած կլինեք նույն հարցը. արդյո՞ք հեշտ է փոխել ձեր տրամադրությունը, կամ երաժշտությունը կարո՞ղ է ազդել ձեր տրամադրության վրա և նման այլ հարցեր... Ու որպես կանոն, դրական պատասխանը, անկայուն հոգեկան վիճակ է մատնանշում... Անկայուն հոգեկան վիճակ։ Գրողը տանը, ի՞նչ է նշանակում անկայուն հոգեկան վիճակ։ Մարդիկ հո ռոբոտ չեն։ Մարդիկանցից սառույց ե՞ք կերտում...

Հիմա էս խոսքերը գրելիս Ռուսաստանում եմ։ Մի տարի ուսումնասիրելուցս հետո, որ քիչ չի կարծում եմ, մի շատ հաստատ հետևություն եմ արել. «Ձյունե Թագուհի» մուլտֆիլմը էստեղ շատերին բնորոշ ներաշխարհն է։ Չգիտեմ դա հյուսիսից է՞, թե՞՝ հյուսիսն է դրանից... Էդ հարցին պատասխանելու համար, թերևս մի տաս տարի էլ հարկ կլինի ապրել էստեղ....

Բայց գրողը տանի... դու էլ ես սառում...

Չեք նկատե՞լ, մարդկությունն է սառում։ Բոլորը գլոբալ տաքացումից են խոսում։ Գլոբալ տաքացումը, թերևս, մարդկանց շորերն է հանում, բայց ներսում սառույց է։ Մենք անգամ նորմալ սիրելն ենք մոռացել։ Հիշում ե՞ս, առաջին անգամ սիրած աղջկան (չգիտեմ սիրած, սիրահարված, հրապուրվա՞ծ արդյոք, միթե՞ էական է...) տեսնելիս սիրտդ ո՞նց էր թպրտում... ոտքերդ ծալվում էին... Հիշում ե՞ս, երբ ես զգացել վերջին անգամ նույնը...

Երաժշտությունը շատ բան կարող է փոխել, տրամադրությունն էլ կարող է փոխել, հոգեվիճակ էլ կարող է փոխել, ու գրողը տանի, դա հոգեկան անկայունության մասին չէ, որ խոսում է, դա հոգու չսառելու մասին է խոսում...

Գլոբալ տաքացում է... հանվում ենք... մարդիկ մերկանում են... ես մարդկանց մերկ հոգին եմ ուզում տեսնել... կա՞... Մերկ մարմին տեսնում ենք... Չէ՛,... ես մերկ հոգի եմ ասում...

Կա՞... չէ՛, երեխեքը չէ, ...երեխեքն էլ արդեն սառն են երեխա ժամանակվանից։ Ընկերս պատմում էր, թե երեխան պատուհանից ճնճղուկ էր տեսել, մատներով մոտեցել է պատուհանին ու ցուցամատով ու բութ մատով փորձում էր մոտեցնել թռչնակին՝ զում էր անում, ոնց հեռախոսների էկրանին են անում...

Գրողը տանի, էդ զիբիլն երեխեքից հեռու պահեք... Էդպես շարունակվի՝ էդ երեխեքը չեն իմանա ճնճղուկն ինչ է։ Ես մեր պարսատիկների մեջ, որ ճնճղուկ խփելու համար էինք սարքում, բայց էդպես էլ երբեք չկարողացա ճնճղուկ խփել, ավելի շատ կյանք եմ տեսնում, քան էս սառած «քաղաքակրթության»։

Երկու աքլոր ունեինք, մեկը մեկից կատաղած, այգի չէի կարողանում իջնեի, փոքր էի՝ հարձակվում էին վրաս։ Մի անգամ էլ էդ հիմար արարածներից մեկի խելքին փչել էր աքլորությունը ի ցույց դներ մի «անմեղ» երեխու վրա՝ ի դեմս ինձ։ Մեծ տատս՝ տատուս հորքուրը, հետս իջավ այգի, ասեց ցույց տուր՝ ո՞ր մեկն էր։ Գրողը տանի, էնքան նման էին իրար էդ երկուսը, ինձ թվում էր որ դա էր, հա՛ թվում էր՝ որ դա էր, արդեն սկսեցի նաև համոզվել, քայլվածքից... մեծ հաշվով արդեն մեկ էր... Տատս արդեն մի ձեռքին աքլորը, մյուսին դանակը կանգնած էր այգու ծերին՝ ես էլ կողքը... Հեչ մտածել ե՞ք, թե ինչ է զգում դատավորը, որին թվում է, թե ինքը սխալ մարդու է մահապատժի դատավճիռ կարդացել հենց նոր... Ավելին ասեմ, իսկ եթե էդ դատավորն էդ դատավճիռն իր ձեռքով էլ իրականացնում է՞...

Կյանքիս մեջ առաջին մորթն էր... Երևի վերջինը.... Հուսամ վերջինը... Հուսամ հարկ չի լինի երկիրս, ազգս կոտորել ցանկացող ոսոխի կոկորդ կտրել էդպես... սկզբից խաչ ես անում վզին... խեղճ հայվանը վիզն երկարում է... հետո պիտի թողնես արնաքամ լինի... բայց էլի թպրտում է... Հոգեբանները կասեն հոգեկան տրավմա է փոքրուց ստացել... Չէ..., վա՛խս անցավ... էլ աքլորներից չէի վախենում... էն մյուս աքլորն էլ դադարեց աչքիս ամենավտանգավոր արարածներից մեկը լինելուց...

...Դաժանացա՞..., Չէ՛, Կյանքն ավելի՜ սիրեցի... Փողոցում չէի կարողանում կռացած տատիկ տեսնել, ու պայուսակը ձեռքից չառնել ու մինչև տուն ուղեկցել... Ո՞վ գիտի, ինչքան կյանք էր մնացել իրեն ապրելու... Ո՞վ գիտի, էդ ողնաշարն ինչ բեռան տակ էր էդպես կորացել... ու ինչի՞ պիտի մարդ ծերանալուց կռանա... մտածել ե՞ք երբևէ... կարծես մենակ մարդն է հասակի հետ կռանում, կուչ գալիս... մեղքերն ե՞ն շատանում, թե՞՝ բեռը... չգիտեմ, իմ մանկական ուղեղին հասու չէր, իսկ ֆիզիոլոգիան երբ անցանք, արդեն մանուկ չէի՝ որ հասկանայի...

Երաժշտությունը եղանակ է՞ փոխում... Իսկ հայերենում երաժշտության հոմանիշ չէ՞ արդյոք եղանակը... Եւ արդյո՞ք միայն հայերենում չէ եղանակը նաև եղան...

Իսկ որքանո՞վ ենք մենք տիրապետում հայերենին... իսկ ինքներս մե՞զ... եթե անգամ երաժշտությունն է եղանակ փոխում, իսկ մենք եղանակի տեսությանն ենք հետևում ընդամենը... ի՞նչ կարող ենք անել՝ մի քանի կրակոց երկինք բաց թողնելուց զատ...՝.... եթե կարկուտ է սպասվում... իսկ եթե շոգ է՞... ՝ հանվում ենք... մարմիններն ենք մերկացնում... Բայց եղանակն արդյո՞ք մարմինն է սառեցնում կամ տաքացնում... Հապա, ինչի՞ է մարդ համարվում բարձրագույն էակ, եթե օձի պես չի սառչում ցրտին... էդ դեպքում, բացատրեք ինձ, ի՞նչ է նշանակում «ջերմատվություն» եզրույթը... Միթե՞ դա հոգու ջերմություն տալը չափելու համար չի հորինվել (հա՛, հենց հոգու ջերմությունը, ոչ թե հոգին տալը )... Մենք ասում ենք, Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, մենք ասում ենք Մարդը՝ Տիեզերքի կենտրոն, Մե՛նք... ասում ենք ՄԱՐԴԸ՝ Տիեզերք... գրողը տանի ձեր տիեզերքի գալակտիկայում մի՞թե բոլոր արևները սառել-մարել են... Մի գաճաճ աստղ էլ չի մնացե՞լ... Դուք ի՞նչ տիեզերք... դուք տկլոր մարմին եք... առանց մերկ հոգու...

..Ու ամոթ է... ամո՛թ եք զգում... հոգու մերկությունից... հա՛, հոգու՜։ ...Մարմնի մերկությունն այլևս ամոթ չէ... մեր էկրաններին, մեր մտքերում, մեր գրքերում... ամենո՛ւր գրեթե՝ մերկ մարմին կհանդիպես... գրողը տանի, անգամ գործիդ մեջ...

Ես մերկ հոգի եմ փնտրում... որին տեսնելուց սիրտդ կթրթռա, եթե սիրտ մնացել է ներսումդ...

...Մեծ տատուս հետ չար կատակ էի արել... ամբողջ կյանքս չեմ մոռանա... անգամ մահամերձ՝ իմ մատներով մեր տնամերձ թթենուց հատ-հատ քաղած թութը, որ դողալով հասցրի՝ չի քավի մեղքս... մի մեծ բան չէր արածս, մանկական չար երեխայություն... իսկ ինքը՞... Ինքը մի կին, որ ամբողջ կյանքում իր՝ պատերազմից հետ չեկած տղուն սպասեց՝ իր ախպոր աղջկա երեխեքին պահել-մեծացնելով, էդ երեխեքի մեջ իր տղուն էլ ապրեցնելով... ինքը, որ պապուս ապտակ էր տվել, թե ինչի՞՝, թե ո՞նց կարար՝, պա՛պս, ՊԱ՜ՊՍ, ումից շատերն էին դողում, ով իր երկու մարդաբոյին էր, ով իր երեխուն ապտակ էր տվել... ընդամե՜նը՝... գրքի մի էջ պատռելու համար.... ո՞նց կարար պապս իր աչքի դեմ իր պահած երեխուն ապտակեր... ու ինքը՝ մեծ տատս, հա՛, չէր մարսի, ապտակեց պապուս... բայց ինքն էլ չմարսեց էդ ապտակը... Չէ՜, պապս,... պապս կյանքում կնոջ վրա ձեռք չէր բարձրացնի... պապս լուսավոր մարդ էր... Ու հենց դրա համար մեծ տատս չմարսեց... ամիսներ շարունակ դարդ էր անում. Թե՝ ես ո՞նց կարացի, ես ո՞վ դառա՝ էդ մարդուն ապտակեցի... ախար ինքը.... ախար ինքն իրեն, որ էս աշխարհում չունի էլ ոչ ոքի՝ իրեն աշխարհ էր սարքել իր տանը... Բայց չէր փոշմանում՝... ո՞նց կարար իր պահած երեխուն իր աչքի առաջ ապտակեր, շատ էլ որ էդ երեխու հերն է...

Է՜խ, Հայկանուշ, հիմա եմ հասկանում ինչ էիր զգում, երբ որ դանակը ձեռքս տված՝ պահում էիր, որ մորթեի էդ աքլորին... էդ աքլորի հետ՝ երևի դու էլ ներսումդ, հոգումդ, հազար անգամ մորթվեցիր... բայց պետք էր՝... տղան չպիտի վախենա... ու երևի հնուց եկած ադաթ էր, չգիտեմ դեռ, երևի մեծի խոսք էր՝ վախն արյունով չափելը...

Ու արդյո՞ք սա էն մեծ մեղքն էր, որ ես գործեցի... Չէ՛, մենք, մարդիկս, ՄԵՆՔ՝ որ Տիեզե՜րքն ենք (չէ մի չէ) ... մեր կյանքում հազարավո՛ր, անթի՜վ մեղքեր ենք գործում, ու դեռ գործելու... հա՛... մերն իր ձեռքով երեխուն է սպանում... ինչի՞...՝ ...ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ մարդու մոտ մարմինն էր մերկացրել՝ առանց նրա մերկ հոգին տեսնելու...

Ու հիմա... հիմա էս երաժշտությունը... հիմա ես եղանակը... էս եղանակը շերտ-շերտ հոգուս շորերն է հանում... Ու ես իմ հոգու մերկությունից ամաչում եմ... Ո՞վ չի ամաչում... Միթե՞ ամոթն էլ էդ աստիճան ապականվել է... չէ՛, հուսա՜մ չէ...

Հետս «Նարեկն» եմ բերել... կեսը կարդացել էի... կիսատ թողեցի... պատրաստ չէի՝... մերկ հոգուս չէի կարա նայեի... դե իսկ նայելուց հետո՝ վստահ չէի, թե էլի հոգուս շորեր հագցնելու գայթակղությանը կդիմանայի... Հետս ման եմ տալիս «Նարեկը»... «Նարեկը» եղանակ է փոխում... Չէ՜... «Նարեկը» եղանակ է ստեղծում... Դեռ կկարդամ... Ե՞րբ... Ես էլ չգիտեմ, երևի երբ երեխուս լողացնելուց ինքս ինձ նայեմ, ինքս ինձ տեսնեմ... ու եթե ինքս ինձից դեռ չզզվեմ (ու հուսամ չեմ զզվի, չէ՞ որ շորերով հոգուց մերկ հոգի չի ծնվում... պիտի մերկանան հոգիները՝ որ նոր հոգու կյանք տան... (Չէ՞ որ մարդը Տիեզերք է... (կասկածո՛ղ լիներ...)..)…)… իսկ եթե չզզվեմ, արժի՞ էլ կարդալ...

Բայց...չէ՞ որ «Նարեկը» հոգիներ մերկացնելու համար է.... հոգի մաքրելու համար է... Չէ՜, կկարդա՛մ, հաստա՛տ...

Էրեգ ձյուն էր, երկու օր է ձյուն է... առավոտ արև էր... մայրամուտը շատ չուշացավ՝... առավոտն էի ուղղակի ուշ նկատել... Դիմացի շենքը կարմրին էր տալիս... ֆոտոխցիկով ֆիքսեցի արևի մերկությունը. մայրամուտին արևը մերկանում է... դրա համար էլ կարմիր է... չէ՛... աշխարհն է կարմրում... աշխարհը դեռ չի կորցրել ամոթը՝ մերկությունից կարմրում է դեռ... իսկ ե՞ս... Ես ամաչեցի դիմացի շենքի կարմրած թուշը մերկ նկարեմ... պատուհանիս հալված ձյուն էր... չէ՛... դպրոցում անցել էինք, ո՞նց էր կոչվում դա, գրողը տանի...՝... սառցե գոլորշիներ... հիշեցի՛... ի՞նչ տարբերություն, ոնց էր կոչվում... դուք հասկացաք, ես էլ հասկացա... սառցե գոլորշիները պատուհանին վարագույր էին դառել՝ դիմացի շենքի մերկությունը ծածկելու համար... բայց ես նկարեցի... թաքու՜ն...՝ ամոթ էր...

Մտածել ե՞ք, ամոթն ի՞նչ է... իսկ ափսոսանքը՞... իսկ ի՞նչ տարբերություն՝ ամոթի և զղջալու մեջ...

Ասում են՝ գիտնականները բացահայտել են տարբերությունը... հավանաբար, ոնց որ սերն է մի քանի քիմիական տարրի դոզայի փոփոխություն ուղղեղում, որն հետո հոգեկան հիվանդություն դարձավ համաշխարհային առողջապահական կազմակերպության թեթև ձեռքով... հավանաբար՝ ամոթն էլ մի քանի այլ նյութի դոզայի փոփոխություն է, իսկ զղջանքն՝ այդ դոզայի նոր չափ... Համալսարանում, լեկցիա ունեինք... Ռեկտորն էր կարդում... լեկցիան չեմ հիշում... հիշում եմ, որ ընդմիջմանն երեխեքից նվագում էին՝ եղանակ էր փոխում... բայց լեկցիայից մի նախադասություն եմ հիշում. Դոզան է, որ դեղը դարձնում է թույն, իսկ թույնը՝ դեղ...

Միգուցե... Երևի Համաշխարհային բժշկությունը չարաշահել է սիրո դոզան, որ հոգեկան հիվանդություն է համարում, հուսանք՝ ամոթի և զղջանքի դոզայի հետ զգույշ կվարվեն...

Հուսանք...

Իսկ եղանակը՞... իսկ եղանակը՜...

Իսկ եղանակն ունի՞ դոզա...

Նույն երգն ինչքա՞ն կարելի է լսել... այս հարցին, թերևս, հոգեբաններն ավելի պրոֆեսիոնալ պատասխան կունենան...

Իսկ ե՞ս... Ես մոռացել եմ գրելը... Ես վաղուց չեմ գրել... Ե՞րբ մոռացանք գրելը... վերջին գրողներն երևի Սյունիքի ժայռապատկերներով են ստեղծագործել, դրանից հետո մարդիկ բանաստե՛ղծ են կոչվել... Ինչի՞, որովհետև գրող բառն էլ են արժեզրկել... գրողի հոգին թողած՝ գրողի ծոցն են ուղարկում մարդկանց...

Դրա համար գրողներն էլ են շատացել... իսկ լավ բանը քիչ է լինում՝ պապեկան խոսք է...

Է՜հ, Հայկանուշ, վախենում էիր՝ թե թուրքերը կգան, Գորիսը կգրավեն, դու էլ պառավ՝ մեր գլխին բեռ կդառնաս... Հոգիդ լուսավորվի, ա կնեկ... Չտեսար՝ ոնց հաղթեցինք... Հոգիդ լուսավորվի...

Չէ՛, գիտե՜մ, լուսավորվե՜լ է... ասե՛լ են... հա՛, ասում են՝ մեր տան գլխին մի բարի կնոջ հոգի է պտտվում ու չար աչքերից պաշտպանում...

...Գրողը տանի էս եղանակը... էս մեղեդին... էս եղանակն եղանակ է փոխում... լավ է՝ հիմա ես փոխեմ էս եղանակը, թե չէ սա ինձ կփոխի.... ու թքած, թե հոգեբանները դա պաթոլոգիա են համարում...

Մարդ իր մերկ հոգուց չպիտի ամաչի...

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

19.10.2014. ք. Յարոսլավլ
Գ. Ժ 04:22

Լրահոս
«Ահրար ալ Շամը» չի մասնակցելու Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններին Սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմն ընդլայնվել է Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է Աշխարհի գլխավոր աստղը ներկա է լինելու. Թրամփը մեկնաբանել է իր երդմնակալության բոյկոտը «Սասստեքս» ընկերությունը փորձ է անում Շիրակում վերականգնել արդյունաբերական ներուժը Ոստիկանության Շենգավիթի ու Գավառի բաժինները լավագույնն են 2016թ. արդյունքներով ՌԴ-ն և Թուրքիան սկսում են առաջին համատեղ օդային գործողությունը Սիրիայում Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը` տարվա 4 եղանակին Կամո Արեյանը կարծում է, որ «Սանիթեք»-ը լիարժեք է կատարել իր առջեւ դրված պարտավորությունները ՀՀ գյուղնախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Իտալիայում կուժեղացնեն զինվորականների ներկայությունը երկրաշարժից տուժած շրջաններում Ադրբեջանի կառավարության հետ կապված նոր կոռուպցիոն սկանդալ է տեղի ունեցել Մայրաքաղաքի վարչական շրջաններում առկա են կոյուղացման եւ գազամատակարարման հետ կապված խնդիրներ ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրում է բժշկական կենտրոնում բռնաբարության մասին տեղեկության իսկությունը Տրանսպորտի բնագավառում 2016թ. ՀՀ կառավարություն է ներկայացվել փոփոխություն կատարելու մասին 14 օրինագիծ Զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Հնդկական ինքնաթիռներում հայտնվել են տեղեր միայն կանանց համար Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից Արծվիկ Մինասյանն այցելել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր Մայրաքաղաքի 12 վարչական շրջանները հագեցվել են շախմատի դպրոցներով Մայրաքաղաքի լուսավորության ցանցը կփոխարինվի LED էներգախնայող համակարգով 2017-ին մայրաքաղաքում վերանորոգվելու է 28 մանկապարտեզ Հռոմում երկրաշարժից հետո չի աշխատում մետրոն, տարհանվել են մի շարք դպրոցներ Իրաքի զինված ուժերն ԻՊ-ից ամբողջովին ազատագրել են Մոսուլի արեւելյան մասը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենան կամրջից ցած է ընկել Հայ ավետարանչական ընկերակցությունը զոհված 18 զինծառայողների ընտանիքներին օգնություն կտրամադրի «Կապանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռոմիկ Սարգսյանը Զինծառայության պարտականություններ կատարելուց հրաժարվողը բերման է ենթարկվել Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանին Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին Արցախում Ադրբեջանի զինուժի արձակած կրակոցից զինծառայող է զոհվել ԿԳ նախարարը Սերժ Սարգսյանին զեկուցել է կրթության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին Արցախի նախագահն ընդունել է Անջեյ Կասպշիկին Մխիթարյանը հայկական անկյուն է գտել Մանչեսթեր քաղաքում Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ Ռուսաստանը ԵԱՀԿ տարածքում ճգնաժամերի հաղթահարման գործում կարևոր դեր կարող է ունենալ. Կուրց Արցախի ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում. Արման Թաթոյան Արման Թաթոյանը Լապշինին առաջադրվող մեղադրանքները համարում է միջազգային չափանիշներին հակասող Երևանի մի քանի փողոցներում տեղադրվելու են նոր արագաչափ սարքեր Երրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել Իտալիայում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan