Կանադան ԻՊ-ի դեմ պայքարի համար կործանիչներ է ուղարկում Մերձավոր Արևելք

Կանադան հոկտեմբերի 21-ին 6 կործանիչ է ուղարկել Մերձավոր Արևելք «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Կանադայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ իր երկիրը, բացի կործանիչներից, ուղարկում է նաև հետախուզական ինքնաթիռներ, ինչպես նաև 600 զինծառայող:

Ավելի վաղ Կանադան հայտարարել էր, որ իր օդային ուժերը կպայքարեն Իրաքի տարածքում ԻՊ-ի դեմ: Կանադան միջազգային դաշինքին միացել է հոկտեմբերի 16-ին:

Մյուս կողմից` Մեծ Բրիտանիան մոտակա ժամանակներում հետախուզական օդանավեր կուղարկի Սիրիա՝ տեղեկություններ ստանալու Սիրիայում գտնվող ԻՊ-ի վերաբերյալ: Մեծ Բրիտանիայի օդային ուժերը մինչև այժմ Իրաքի տարածքում 38 թռիչք են իրականացրել ԻՊ-ի դեմ:

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մեկ ամսից ավելի պայքարում են ԻՊ-ի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում