«Մովսեսի ջրագիծը վերանորոգման կարիք ունի, Երևան-Մովսես ճանապարհը ասֆալտապատ չէ».գյուղապետն առաջարկում է գլոբալ խնդիրների մասին մտածել

Այս օրերին ԱԺ-ում քննարկվում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այսօր անգամ ոչ իշխանական եռյակն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել այս առնչությամբ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նկատել է, թե սահմանամերձ համայնքի և հարակից օրենքների համատեղ փաթեթում ընդգրկվել են այնպիսի  օրենքներ, որոնց քննարկումը որևէ  կապ չունի սահմանամերձ գոտու  հետ: Այսինքն՝ նպատակը ժամանակն օրենքներով լցնելն է, որպեսզի ընդդիմության արտահերթ  կարգով ներկայացված հարցերը չքննարկվեն:

Times.am-ը որոշեց ԱԺ-ում քննարկման դրված սահմանամերձ համայնքի և հարակից օրենքների փաթեթի և դրա շուրջ քննարկումների վերաբերյալ պարզել հենց իրենց՝ սահմանային գյուղերի ղեկավարների կարծիքը:

«Հիմնականում չեմ հետևում, բայց անցած օրը Հ1-ով նայեցի և մեկն առաջարկում էր, որ կոմունալ վարձերը 50 տոկոսով վճարենք: Բայց կարծիք էղավ, թե կողքի գյուղերն էլ են ուզելու: Բայց մենք տրաքոցի մեջ ենք, իրանք տրաքոցի մե՞ջ են: Իսկ ընդհանրապես ինչ էլ անեն՝ առաջընթաց է, ինչ լավ բան մտածեն՝ ուշադրությունվ»,-Times.am-ի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:

Հակադարձմանը, թե լավ բանի սպասումներ ունե՞ք, Տավուշի մարզի սահմանային բնակավայրի ղեկավարը հիշեցրեց հողի հարկից ազատումն ու ոռոգման ջրի հետ կապված արտոնությունը:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խորհրդարանական քննարկումներին հետևելու ժամանակ չունի և, որ փաթեթի ընդունումից հետո միայն կարելի է լավ ու վատի մասին կարծիք հայտնել: Ինչ վերաբերում է  հոսանքի վարձի 50 տոկոսով զեղչմանը, գյուղապետը  նշեց, որ նման հարց Հովիկ Աբրահամյանի առջև բարձրացվել է, ավելին, ՀՀ պաշտպանությանն նախարար Սեյրան Օհանյանն է առաջինն այս մասին խոսել: Արարատ Ավալյանը խոսեց նաև սահմանամերձ գյուղից Երևանում սովորող ուսանողների ուսման վարձերի  վճարումների և օրենքով դրանք 50 տոկոսով կրճատելու  մտադրության մասին:

Մյուս կողմից գյուղապետը ընդգծեց, թե առաջնային գլոբալ խնդիրներին պիտի ուշադրություն դարձվի.

«Մովսեսում լավ կամ վատ հոսանքի վարձը կարողանում են վճարել: Այսինքն՝ մանր-մունր հարցերի փոխարեն պետք է գլոբալ հարցեր լուծել: Օրինակ՝ Մովսեսի ջրագիծը վերանորոգման կարիք ունի, ջրի խնդիր կա կամ Երևան-Մովսես ճանապարհը ասֆալտապատ չէ: Այսպիսի գլոբալ խնդիրներ կան, սրանք պիտի լուծել»:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում