Արթիկի թեմն ավելացնում է կիրակնօրյա դպրոցների թիվը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արթիկի թեմն ավելացնում է կիրակնօրյա դպրոցների թիվը՝ այս անգամ ծրագրում ընդգրկելով նաև թեմի գյուղական 10 համայնք: Նշենք, որ 2003 թվականից գործող ծրագրում ընդգրկված էր միայն Արթիկը, սակայն այդ դպրոցների թիվն ավելացնելու անհրաժեշտությունը մեծ էր հատկապես այն համայնքներում, որտեղ նկատվում է աղանդավորականների ակտիվացում: Այս առումով կիրակնօրյա դպրոցների թիվը վերջնական չէ, և միտում ունի ավելանալու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արթիկի կիրակնօրյա դպրոց» ծրագրի ղեկավար Ռուզաննա Չոպիկյանը: Կիրակնօրյա դպրոցներում միջին տարիքի դպրոցականներին կներկայացվեն առաքելական եկեղեցու դավանանքը, ծեսերը, պատմությունը, մշակույթը և այլն: Կիրակնօրյա դպրոցներում դասավանդում են հատուկ երկամյա վերապատրաստում անցած մասնագետները: «Մեր կապը կա և՛ դպրոցների, և՛ համայնքի հետ, և բոլորս գիտենք, թե ով ինչպիսի համոզմունքի է եւ ուր է գնում»,- նշեց Ռուզաննա Չոպիկյանը:

«Սա պայքար չէ աղանդների դեմ, այլ մեր գործունեությամբ ճիշտ ուղին սիրով ցուցադրելու գործընթաց: Պետք չէ քննադատել, այլ մեր իրական Առաքելական եկեղեցու ուսմունքը տարածել, ցույց տալ ճշմարտությունը, այդ դեպքում սխալը կամաց-կամաց կնահանջի: Ծնողից շատ բան է կախված, եթե ծնողը երեխային տանի եկեղեցի, ապա երեխան ճշմարտությունը կգտնի եկեղեցու մեջ, իսկ իր ճանապարհին հանդիպած մեկի խոսքը իր համար հիմնավոր չի լինի՝ գիտենալով, որ ճշմարտությունը Հայ առաքելական եկեղեցում է լսելու»,- նշում է կիրակնօրա դպրոցի մանկավարժ Սուսան Ղազարյանը՝ հավելելով, որ եղել են դեպքեր, երբ այս կամ այն աղանդի ներկայացուցիչները դպրոցում շատ սովորական սպորտլանդիա անցկացնելու պատրվակով, փորձել են աղանդավորական գրականություն բաժանել և հրավիրել հանդիպումների: Նմանատիպ հոգևորսության դեպքերը կբացառվեն, եթե հասարակությունն ինքը գիտակցի ու կարողանա իրականը տարբերել կեղծից:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում