Ինչո՞ւ ՍԴՀԿ-ը 2008-ին կանգնեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, իսկ հետո պաշտպանեց Սերժ Սարգսյանին

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը համոզված է՝  օր առաջ ՀՀ-ում պետք է ոչ միայն անձերի, այլև համակարգային փոփոխություն լինի: Այլ հարց է, թե որքանով դա կհաջողվի եռյակին և որքանով է դրան պատրաստ իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ն:

«Այսօրվա իշխանությունների և եռյակից առնվազն երկու ուժերի միջև կոնցեպտուալ տարբերություն գոյություն չունի: Օլիգարխիկ որևէ գործիչ չի կարող ընդդիմադիր լինել: Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն այսօր չի կարող իշխանափոխություն անել, որովհետև դա նշանակում է հրաժարվել մենաշնորհից, օլիգարխիկ համակարգից և  գործել բացառապես հարկային դաշտում»,- ընդգծեց ՍԴՀԿ ատենապետը:

Ըստ նրա՝ հարկայինի հետ խնդիրների առաջացումը,  ռեպրեսիաների առկայությունն ու  ձերբակալությունները լակմուսի թուղթ են, թե որքանով է քաղաքական գործիչը կամ  ուժը վտանգ հանդիսանում իշխանությունների համար.«Ինչպես օրինակ 2008-ին էր՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, իսկ քանի դեռ դա չկա, ուրեմն՝ ամեն ինչ նորմալ է և սովորական»,-լրացրեց Գալստյանը՝ նկատելով, թե  տեսականորեն հնարավոր է, որ  հանրահավաքից հետո որոշակի փոփոխություններ լինեն, բայց  դա այն չէ, ինչ իսկապես անհրաժեշտ է այսօրվա հասարակությանը.«Այսօրվա հանրահավաքից չպետք է լուրջ ակնկալիքներ ունենալ, քանի որ հենց եռյակի լիդերների միջև կան ներքին խնդիրներ և որոշակի տարաձայնություններ»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ մի օր ՍԴՀԿ-ը այս պայքարի շրջանակներում համագործակցի հարթակում կանգնած ուժերի հետ, Նարեկ Գալստյանը պատասխանեց. «Կլինի համագործակցություն, թե՝ ոչ, դա կորոշի պահը: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»:

Վերջինը հստակ գնահատական չտվեց նաև Սահմանադրական փոփոխությունների հետ կապված, թեպետ կուսակցության ծրագրում խոսք կա խորհրդարանական կառավարման համակարգի անցման մասին դեռևս 90-ականներից:

Times.am-ի հարցադրմանը՝  2008-ին  ՀՀ առաջին  նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ  հավա՞տքը, թե՞ իշխանություններից  դժգոհությունը ստիպեց  ՍԴՀԿ-ին  2008-ին կանգնել  Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, որից հետո հեռացաք, Նարեկ Գալստյանն ասաց, թե հարգում է  առաջին նախագահին որպես պետական գործիչ և չափն անցնող գնահատական չի տա, նա հաղթած նախագահ է: Այնուհետ հիշեցրեց ՀԱԿ-ից հեռանալու  և Տեր-Պետրոսյանի հետ իրենց կապերը խզելու պատճառները, որոնք կապված էին հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀԱԿԿ առաջնորդի  դիրքորոշման և  ԲՀԿ-ի հետ համագործակցելու հանգամանքի հետ:

«Տարօրինակ է, որ այսօր հարթակում կանգնած են լինելու մարդիկ, ովքեր 2008 թվականին Աբովյան քաղաքում ծեծի էին ենթարկվում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի կողմից, օրինակ՝ Երջանիկ Աբգարյանը»:

Times.am-ի հակադարձմանը՝  ընդդիմադիր շատ ուժեր ասում են, թե գործող  իշխանությունները հիմնված են օլիգարխիկ համակարգի վրա, դուք՝ նույնպես, բայց անցած նախագահական ընտրություններին դուք պաշտպանեցիք իշխող կուսակցության   թեկնածուին, որի դեմ ըստ էության պայքարում էիք,  ՍԴՀԿ ատենապետն արձագանքեց.

«Այո, պաշտպանել ենք, որի համար չեմ փոշմանում, որովհետև այդ ժամանակ կար երկու թեկնածու՝ Սերժ Սարգսյան և ընդգծված արևմտամետ Րաֆֆի Հովհաննիսյան, մենք ընտրեցինք Սերժ Սարգսյանին, բայց մեր ասածը տեղը գալուց ասել ենք, մեր ձեռքերը կապված չեն եղել»:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում