«Սա պետության հաշվին է, չեմ կարծում, որ դա կխանգարի ծնելիությանը». Կարեն Ավագյանը՝ աշխատող և չաշխատող մայրերի նպաստի մասին

2014թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ 2016թ. հունվարի 1-ից հղիության և ծննդաբերության նպաստ են տալու  նաև չաշխատող մայրերին, բայց աշխատողների հաշվին, որովհետև 2015-ի հունվարի 1-ից կրճատվելու է աշխատող մայրերի նպաստի չափը: Սա, բնականաբար, ընդվզում է առաջացրել և աշխատողների, և անգամ չաշխատողների շրջանում, վերջիններս երեկ կառավարության դիմաց պնդում էին, թե պետք չէ աշխատողների հաշվին իրենց լավություն անել: 

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հակառակ կարծիքի է.

«Իրականում  դա պետության, բյուջեի հաշվին է, որևէ մեկի հաշվին չէ: Նախկինում մի այսպիսի խնդիր կար՝ վերջին ամիսներին մի տեղ էին գրանցվում,  հետո ստացվում էր, որ աշխատող մայր է եղել և ստացել է աշխատավարձի չափով համապատասխան գումարը: Նման երևույթի դեմն է փորձ արվում առնել: Ինչքանով է ստացվում, ինչ խնդիրներ կան, հիմա է պարզվում: Ամեն դեպքում տեխնիկական խնդիր կա, որ բողոք կա: Իրենց լսել են՝ համապատասխան  գերատեսչության գործառույթների շրջանակում: Բայց մի բան հստակ  է՝ ոչ թե խանգարելու համար է, այլ նպաստելու, որպեսզի չաշխատողը որոշակի ժամանակաշրջանում կարողանա գումար ստանալ»:

Մեր հակադարձմանը՝ արդյո՞ք այս օրենքով չեք վնասում ծնելիությանը, նման կարծիք երեկ հնչեց մայրերի կողմից, Կարեն Ավագյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ դա կխանգարի ծնելիությանը»: ՀՀԿ-ական պատգամավորը ևս մեկ անգամ այս համատեքստում  կրկնեց,  որ փորձ է արվում լուծել  չաշխատողների խնդիրը՝ ընդունելով, որ աշխատողների համար սահմանափակումներ կան:

«Փորձել են ընդգրկուն դարձնել նպաստը և չաշխատողներին ևս  հնարավորություն տալ որոշակի գումար ստանալու»,-եզրափակեց նա:

Հավելենք, որ  գործող օրենքի համաձայն՝  նախածննդյան և հետծննդյան 140 օր արձակուրդի համար հղի կանանց պետական նպաստ տրվում է միջին աշխատավարձի շափով, իսկ  ըստ օրինագծի, մինչև  մեկ տարի վերջին գործատուի մոտ աշխատած կինը ստանալու է աշխատավարձի 40%-ի, 1-3 տարի ՝ 60%-ի, իսկ 3-ից ավելի՝ 80%-ի չափով ծննդաբերության նպաստ:

Լուսանկարը՝ azatutyun.am-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում