Հայաստանում սիրիահայերի բիզնեսները հաջողված են եւ արտահանում են տեքստիլ արտադրանքը

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն այս տարվա ինն ամիսներին մոտ 730 մլն դրամի վարկային երաշխավորություն է տրամադրել շուրջ 200 տնտեսվարողների: Վարկային երաշխավորությունների, սիրիահայերի աջակցության ծրագրերի եւ այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի զրուցակիցն է ՓՄՁ ԶԱԿ-ի նորանշանակ տնօրեն Գեղամ Պետրոսյանը:

-Պարոն Պետրոսյան, կենտրոնի աջակցման ծրագրերից է վարկային երաշխավորությունների տրամադրումը: Մե՞ծ է արդյոք ՓՄՁ-ների հետաքրքրվածությունը աջակցման այս գործիքի նկատմամբ:

-Աջակցման ծավալների մասին պատկերացում կազմելու համար կասեմ, որ այս տարվա ինն ամիսներին մենք մոտավորապես 730 մլն դրամի վարկային երաշխավորություն ենք տրամադրել շուրջ 200 տնտեսվարողների, որոնցից 7-ը գործող բիզնեսներ էին, իսկ մյուսները` սկսնակներ։ Նպատակ ունենալով նպաստել արտադրության և ծառայութնունների ոլորտում ՓՄՁ-ների ստեղծմանը և զարգացմանը` մենք մշակել ենք մի նոր ծրագիր, որը կոչվում է «Գործարար նախաձեռնությունների աջակցության ծրագիր»: Դրա շրջանակներում բիզնեսի ստեղծան և զարգացման համար վարկային երաշխավորությունների սահմանաչափը նախատեսել ենք դարձնել մինչև 50 մլն դրամ։ Ծրագրից օգտվելու համար պարտադիր նախապայման է, որ գործարարը պետք է անպայնման կատարի իր սեփական ներդրումը կանխիկ միջոցներով, որպեսզի իրեն տրամադրվի երաշխավորություն: Նախատեսվում է նաև աջակցություն տրամադրել խորհրդատվության մասով, որը պետք է լինի չափազանց կիրառական: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ փոքր ձեռնարկություններ փակվում են` չկարողանալով դիմակայել մրցակցությանը, նախատեսում ենք նրանց նաև աջակցել հաշվապահական հաշվառում իրականացնելու գործում, որպեսզի նվազեցնենք նրանց ձախողվել ու ռիսկերը։

-Ի՞նչ չափորոշիչներով եք որոշելու` ում տրամադրել վարկային երաշխավորություն:

– Նախ ասեմ, որ ՓՄՁ-ներին վարկային երաշխավորության տրամադրումը նախատեսված է լինելու վարկային գրավադրման խոչընդոտի հաղթահարմանը, քանի որ այդ խնդիրը միշտ արգելք է դառնում բիզնեսների վարկվորման համար: Առանձին դեպքերում երաշխավորության տրամադրումն ուղղված կլինի գրավի խնդիր չունեցող, սակայն ցածր իրացվելիություն ունեցող ՓՄՁ-ներին կամ բարձր ռիսկայնություն ունեցող փոքր ձեռնարկություններին: Այստեղ ենք մենք տեսնում ազգային կենտրոնի դերը, այսինքն` եթե բանկը չպետք է վարկավորի փոքր և միջին բիզնեսին այն պատճառով, որ ռիսկը համարում է ավելի մեծ, ապա մենք մասամբ փորձում ենք կիսել այդ ռիսկը։ Ծրագրի շրջանակներում նախապատվություն կտանք գրավի անբավարարության, ցածր լիկվիդայնության պատճառով չվարկավորված, ներմուծումը փոխարինող կամ արտահանող, նոր տեխնոլոգիաների կիրառող ՓՄՁ-ներին: Նրանք են մեր թիրախը:

– Այս դեպքում անձի կապիտալը պե՞տք է հավասար լինի վարկային միջոցներին:

-Ո’չ, այս դեպքում նախնական ներդրումը, կախված գումարից, կարող է լինել մինչև 50 մլն դրամ, այսնիքն` մեր սահմանած նախնական սանդղակով պետք է վարկավորման գումարի 80 տոկոսի չափով ներդրում լինի: Այդ չափի գումարով հնարավոր է սեղծել մինչև 10-12 աշխատատեղ ունեցող բիզնեսներ:

-Բացի վարկավորումից, ֆինանսական ի՞նչ գործիքներով ՓՄՁ-ները կարող են ֆինանսավորել իրենց բիզնեսները։

– Սովորաբար գոյություն ունեն վարկավորման տարբեր մեխանիզմներ, ինչպես նաև փայամասնակցության սկզբունքով և վենչուրային ֆինանսավորում։ Վերջին երկու գործիքները մեր երկրում դեռ զարգացած չեն, թեև աշխատանքներ են տարվում այդ գործիքներն ավելի կիրառելի դարձնելու նպատակով: Արդյունքը լինելու դեպքում մենք ավելի մանրամասն կխոսենք այդ մասին, իսկ առայժմ մեր վարկային երաշավորությունների մեխանիզմը թույլ է տալիս աջակցել սկսնակ գործարարներին և լուծել գրավի բացակայության խնդիրը:

-Պարո՛ ն Պետրոսյան, ՓՄՁ ԶԱԿ-ն իրականացնում է նաև սիրիահայերին ուղղված ծրագրեր: Ներակայումս դադարել է սիրիահայ փախստականների հոսքը, այդ ծրագերերը ևս դադարեցվո՞ւմ են:

– Ո’չ, ծրագրերը չեն դադարեցվելու: Հայաստանում մնացած սիրիահայերից շատերն այստեղ լավ հաջողություններ են գրանցում: Նրանցից 80-ը աջակցություն են ստացել կենտրոնի կողմից, ինչի համար տրամադրվել է 320 մլն դրամ: Սիրիահայերի մի որոշ մասը հաջողությամբ ինտեգրվել է մեր միջավայրում և իր գործունեությունը բարեհաջող իրականացնում է, նույնիսկ որոշ գործարարների արտահանում են կազմակերպել տեքստիլ արտադրության ոլորտում: Այն բոլոր տնտեսվարողները, ովքեր հայրենադարձ են, մեր կողմից դիտարկվում են որպես տեղացի ՓՄՁ ձեռնարկատրերեր և մենք կաշխատենք նրանց հետ նաև այդ շրջանակում:

Հարցազրույցը` Գոհար Ավետիսյանի

Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար իրականացվող այլ ծրագրերի մասին «Արմենպրես»-ի նախորդ թողարկումը

Հետևեք մեզ նաև Telegram-ում