Ասկերովը Գուլիևին մեղադրում է սուտ մատնության մեջ.երկօրյա դատավարության ամփոփագիրը

Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  մեկնարկեց ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի դատավարությունը՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի դեմ քրեական գործ է հարուցվել ըստ հետևյալ մեղադրանքների` ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 1-ին մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,103 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ  կետերով, 183 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 344 հոդվածի 1-ին մասով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ` ԼՂՀ քրեական օրենսգրքի 350 հոդվածի 2-րդ մասով, 350 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածով, 245 հոդվածի 3-րդ մասով, 129 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Հավելենք, որ հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետությանքաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ` դրանով  իսկ կատարելով  լրտեսություն:

Դիվերսանտների գրավոր ցանկությունը հաշվի առնելով  պետության կողմից նշանակվել
են հանրային պաշտպաններ՝  Էրիկ Բեգլարյան և Արկադի Իսրայելյան: Մեղադրողն ավագ դատախազ Կարեն Գաբրիելյանն է:

Դատավարության առաջին օրվա ընթացքում ճշգրտվեցին  մեղադրյալների ինքնությունները,  դատվածության առկայությունը, ընտանեկան դրությունը: Պարզվեց, որ  Ասկերովն ունեցել է  15 օրյա  դատվածություն,  Գուլիևը սկզբում հայտարարեց, թե ոչ մի դատվածություն էլ  չունի, ավելի  ուշ՝  հարցաքննության ժամանակ ասաց, որ  6 տարի բանտում է անցկացրել, որից հետո արդարացվել: Երկու մեղադրյալներն էլ հայտարարեցին,  որ իրենց  նկատմամբ  մեղադրանքները  մասնակի են ընդունում:

Մասնավորապես,  չընդունեցին դեռևս 2005-ին և  2007-ին սահմանն ապօրինի հատման մեղադրանքները, ինչպես նաև Ս.Ցականյանին առևանգման և սպանության, որը հետո  կրկնեցին նաև  հարցաքննությունների ժամանակ: Ավելին, Ասկերովը նախքան հարցաքննությունը համարձակվեց  հայտարարել. «Քելբաջարը մեր հողն է, ես ապօրինի չեմ հատել այն»:

Ինչին ի պատասխան դատավոր Անատոլի Թադևոսյանը հիշեցրեց, որ դրա տեղն ու ժամանակը չէ, ընդամենը պետք է պատասխանել՝ ընդունո՞ւմ ես մեղքը, թե՞ ոչ: Ասկերովը չընդունեց նաև լրտեսության մեղադրանքը, այլ միայն գողության, ապօրինի զենք կրելու, փող, փաստաթուղթ և  անասուն հափշտակելու  մեղադրանքները:

 Ի տարբերություն  Ասկերովի՝ Գուլիևը 2005-ին սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը չընդունեց՝ ասելով, թե չի իմացել, որ այդտեղ սահման կա,  2014-ին  դարձյալ տեղյակ չի եղել սահմանի առկայության մասին:

«Դիլհամն ասաց` ոչ մի սահման չկա, ոչ ոք չկա, մենք էլ հավատացինք»:

Հետո, երբ ընդունեց ապօրինի զենք կրելու մեղադրանքը հակասական հայտարարություն արեց՝ զենքը  սահմանին են տվել. «Իսկ 2005 թ.-ին  ես անզեն էի: Ինքս  չեմ կրակել»,-շեշտեց Գուլիևը: 

Դատավարության ներկա էին նաև Ս.Ցականյանի հարազատները, նրա մայրը գոռաց.

«Ինչ էր ձեզ արել իմ էրեխեն թուրք շներ, որ սպանեցիք, որ ձեզ պոմիդոր և կոնֆետ է բերել ու կերակրե՞լ»:

Նույնը հարցադրումն արդեն անհատական հարցաքննությունների ժամանակ  արեց  Ս.Ցականյանի հայրը: Գուլիևը հակադարձեց՝ ես ձեր երեխային մատով չեմ կպել. «Իմ հացը նրա հետ կիսել եմ, կերակրել, բաճկոնիս տակն առել ու տաքացրել»:

 

Հեքիաթ  «ոսկի  փնտրողների»   և  «բարի ձյաձյայի» մասին. Գուլիևի ցուցմունքը

Ասկերովի հետ Գուլիևը ծանոթացել է 1992-ին՝ Լաչինում: Ծանոթությունից հետո Գուլիևը կես տարի Լաչինի հիվանդանոցում բուժեղբայր է աշխատել, հետո աշխատանքի անցել Մարտակերտում, այնուհետ՝ Միրբաշիրում:  1990-ականների վերջին Գուլիևը մեկնել է Ռուսաստան աշխատելու: Ասկերովի հետ շփումները վերսկսել է 2004-ին, արդեն 2005-ին պլաններ են գծել Քարվաճառ այցելու վերաբերյալ: Արդյունքում 2005թ.-ին  Ասկերովի «Նիվա» մեքենայով մեկնել են ռուս-ադրբեջանական սահման, և  այնտեղից ավտոբուսով ուղևորվել ԼՂՀ սահմանի կողմը: Գուլիևը պատմում է, որ  Քարվաճառ վերջին այցելությունից հետո հատուկ ծառայություններն իրենցով հետաքրքրվել են, բայց ոչ մի արգելող խոսք չի եղել, որ այլևս չգնան:

Սրանից հետո ադրբեջանցի դիվերսանտն  անցավ  «ոսկի  փնտրողների» մասին հեքիաթին. ասում է, թե Ասկերովի կանչով գնացել է թունելի մոտակայքում  թաղված 15 բանկա ոսկի գտնելու,  որը,  սակայն, այդպես էլ չեն գտել: Միտքը դեռ չավարտած՝ Գուլիևը խոսում է պատվերով  վիդեոնկարահանումների մասին, որին ինքն անմիջական մասնակցություն չի ունեցել.«Նրանք ինչ-որ բան էին նկարահանում: Ես չգիտեմ եւ ինձ հետաքրքրիր չէր»:

Ըստ նրա՝ Ասկերովն իրեն մեծ գումար է խոստացել, եթե կարողանա վաճառել Քարվաճառում արված  ձայնագրությունը, ինչի փոխանցումն ուշացվում է և, երբ խոստումի մասին հիշեցնում է, աշխատանքի առաջարկ է ստանում. «Այսպես էլ էլ չհասկացա, թե ինչու գումար ստացա»,-խոստովանեց  Գուլիևը՝ տեղեկացնելով, որ ստացված գումարը եղել է մոտ 30.000 ռուսական ռուբլի:

Վերջինն ակնարկեց, որ ոմն մեկն է Ասկերովին պատվիրել ԼՂՀ բնակչության թվի մասին տեղեկություններ ստանալ: Իսկ թե ով է այդ մեկը, չգաղտնազերծվեց, փոխարենը նշեց, որ ոչնչացված Հասան Հասանովի հետ 2013-ին է ծանոթացել, որն իրեն որպես Ադիլ է ներկայացել և, որ զենքերն իրենց  տվել են  սահմանին:

Անդրադառնալով  Ս.Ցականյանի առևանգմանն ու սպանությանը, Գուլիևը պատմեց հերթական հեքիաթը՝  «բարի ձյաձյայի» մասին, որ իբր 17-ամյա տղայի առևանգման պահը չի տեսել, իսկ հետո նրա մասին հոգ է տարել՝ իր հացը կիսել, նրան իր կողքին պառկեցրել, զենքն էլ գետնին դրված է միշտ եղել:  Ասում է, որ Ցականյանը կարողացել է ազատ զուգարան գնալ, իսկ, երբ դատավոր Թադևոսյանը հարցրեց, թե նա կարո՞ղ էր լքել վայրը, Գուլիևը նշեց, որ իր զենքը գետնին դրած է եղել,  բայց նրա խոսքի տողատակից պարզ դարձավ, որ տղան չէր կարող  հեռանալ, որովհետև Ասկերովը զենքը պատանու վրա պահած է եղել:

«Я слышал фрт-фрт»,-ասաց Գուլիևը՝ շարունակելով, որ երբ շրջվել է, Ցականյանին գետնին պառկած է տեսել, հետո մոտեցել է նրան և հասկացել, որ մահացած է: Այդ պահին հետևից հարցրել են՝ խղճո՞ւմ ես հային:

Դատավորի հարցադրմանը, թե ով էր հարցնողը, Գուլիևը զավեշտալի պատասխան տվեց՝ ձայնը չի ճանաչել՝ Ասկերո՞վն էր, թե՞ Հասանովը: Ի դեպ, վերջինն ասաց, որ սկզբում որոշված է եղել տղային տանել Բաքու, հետո Ասկերովը հայտնել է, որ չեն տանելու, բայց սպանություն բառը  չի լսել:

Ցականյանի հոր հակադարձմանը, թե որ այդքան բարի է, այդ դեպքում ինչու չի միջամտել իր տղայի սպանությանը՝ հասկանալով, որ Բաքու չեն տանելու և…Գուլիևը հարցը շրջանցեց և կրկնեց «բարի ձյաձյայի»  պատմությունը:

«Ես 25 տարի Ադրբեջանում եմ ապրել և ձեր նմաններին լավ գիտեմ»,-միջամտեց Ցականյանի հայրը, որից ողջ դատավարության ընթացքում Ասկերովը հայացքը չէր կտրում, աչքերն ասես ինչ-որ բան ասեին:

Իսկ Գուլիևը շարունակեց, թե  Ցականյանն իրեն այդ երկու  օրվա ընթացքում հայերեն էր սովորեցնում,  բայց երբ դատավորը խնդրեց հայերեն որևէ բառ ասել սովորածներից, դիվերսանտը պատասխանեց, որ չգիտի հայերեն, հետո հանկարծ, երբ թարգմանիչը հայերենից ռուսերեն սխալ թարգմանեց իր իսկ  ասածը, Գուլիևը գործի դրեց հայերենի իմացությունը և  ուղղեց նրան:

Անդրադառնալով քարվաճառյան շրջագայությանը,Գուլիևը պատմեց, որ շրջել են ազատ և բաց՝ համոզվելով, որ Քարվաճառն ամայի է և չբնակեցված: Քիչ անց նա հակասեց իր ասածին՝ ասելով, որ անտառներով  են քայլել և ոչ ասֆալտապատ տարածքներով, քանի որ չգիտեին, որ ասֆալտապատ տարածք էլ կա:

 

Օր երկրորդ. Ասկերովը Գուլիևին  մեղադրում է սուտ մատնության մեջ.

Ասկերովը դատարանում  հայտարարեց, որ Սմբատ Ցականյանին սպանել է  Հասան Հասանովը:  Ըստ նրա՝  ինքը 500 մ հեռու է եղել Հասան Հասանովից և Շահբազ  Գուլիևից, որոնց   հետ եղել է  նաև  Սմբատ Ցականյանը, իսկ  հետո  նրանց   տեսել է  առանց  պատանու  ուղեկցության։ 

«Սկզբում  տեսա  Գուլիևին, իսկ  այնուհետ Հասանովին,   և  երբ  նրանց հարցրեցի, թե  ու՞ր է  տղան, նրանք  պատասխանեցին, որ     նա  իրեն վատ էր զգում   և  գնացել է։ Ես մինչև ձերբակալվելս  էլ չեմ իմացել, որ  մեզ ուղեկցող պատանին սպանված  է»,-  մանրամասնեց Դ. Ասկերովը։

Վերջինը պնդեց, որ Գուլիևը (նա  իրականում  չի մեղադրվում անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության մեջ) չէր կարող սպանել Ցականյանին, իսկ Հասանովը կարող էր, որովհետև դաժան մարդ էր: Ասկերովը պնդեց, թե իր ուժերից վեր էր Ցականյանին ազատ արձակելը: Վերջինը սուտ մատնություն համարեց  Գուլիևի ցուցմունքը, թե  տեսել էր  Ասկերովին զենքը  պատանու վրա պահած, իսկ Հասանովը  զենքը կրում էր իր վրա՝ չեզոք  դիրքի  բերված  վիճակում:

Հարցին՝ հնարավո՞ր է Հասանը չկա, դրա համար եք սպանության մեղքը նրա վրա բարդում, Ասկերովը պատասխանեց. «Ոչ»: Վերջինը Հասանովին համարեց ԿԳԲ-ի գործակալ՝   ասելով, որ իր և նրա միջև տարաձայնություններ են եղել:

Նշենք, որ Ասկերովը  ծնվել է Վարդենիսի շրջանի Ազիզլու գյուղում, հետագայում ընտանիքով տեղափոխվել են Քարվաճառի Չախլար գյուղ: 1992 թվականին զորակոչել են փոխգնդապետ Յուսիֆ Թեմուրովի գումարտակ: 1993  թվականին ռազմական հեղաշրջումից հետո բոլորին ձերբակալել են Հ.Ալիևի հրամանով, սակայն նա, ինչպես շատերը, ժամանակին հասցրել է փախուստի դիմել ՌԴ:  Ներումից հետո վերադարձել է հայրենիք, բայց ժամանակ առ ժամանակ մեկնել Ռուսաստան սեզոնային աշխատանքի: Դիլհամ Ասկերովն ասաց, որ ՌԴ-ում պատահաբար է հանդիպել Գուլիևին և արդեն երրորդ այցելությունը Քարվաճառ, որը  2005-ին էր,  նրա հետ միասին է կատարել: Առաջինն ի դեպ 1998-ին է եղել, որի ընթացքում  լուսանկարել է գերեզմանոցները, եղբոր շիրմաքարը: Մի անգամ էլ այցելել է հանուն գումարի. Աղդաբան գյուղում ծնված ոմն Վագիֆ 400 մանաթի դիմաց խնդրել է իրեն ուղեկցել հայրենի գյուղ, որտեղ զենք ուներ թաղված և  հենց այդ  ժամանակ էլ  նկարահանել է զինվորականերին: Ինչ վերաբերում  է 2014-ին  այցին, Ասկերովը ևս  ոսկու պատմությունը հիշեց, թե իբր  ծնունդով Քարվաճառից մեծ հարստության տեր Ջաբիրը ասել է, որ 4 կիլոգրամ ոսկի կա թաղված այնտեղ,  որն էլ սպառազինել է:

«Ես ուզում էի իմ վինչեստերը վերցնեի, ասացին, որ ավելի լավ զենքեր կտան…»,-շեշտեց նա:

Նկատենք, որ այստեղ ևս  Ասկերովը  հերքում է Գուլիևի ասածը, որի համաձայն՝ զենքերը սահմանին են ստացել, որպեսզի  գազաններից պաշտպանվեն:

Դավատավորությունը շարունակվում է, մենք  հետևում ենք դրա ընթացքին և պարբերաբար մանրամասներ  կհայտնենք:

Լուսանկարը՝ karabakh-life.am-ի գլխավոր խմբագիր Բելլա Լալայանի

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևան-Ստեփանակերտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում