«Կին» միջազգային կինոփառատոնին ներկայացված է 57 ֆիլմ 15 երկրից

Հայաստանի կինոարտադրութունում կանանց մասնակցությունը խթանելու ու նոր անունների բացահայտմանը միտված «Կին» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 1-5-ը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները, 11-րդ անգամ անցկացվող փառատոնի ծրագրում ներկայացված է 57 ֆիլմ 15 երկրից: Կնոջ դերը հասարակության մեջ վերաիմաստավորող և կինոլեզվի միջոցով իգական սեռի ներկայացուցիչների խնդիրներն արծարծող կինոփառատոնը բազմաթիվ անակնկալներ է պատրաստել:

Այս տարի փառատոնի հետահայաց ցուցադրման ծրագրում տեղ են գտել հայ մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի ֆիլմերը: Մարտիրոսյանի հետ հանդիպումը և ֆիլմերի ցուցադրումը կանցկացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Նոյեմբերի 3-ին Համալսարանի հյուրերի տանը կկազմակերպվի կլոր սեղան` «Կինը կինեմատոգաֆում» խորագրով: Իսկ նոյեմբերի 5-ին ժյուրիի անդամ Սոնիա Ձոսիֆորը ԵԹԿՊԻ-ում կկարդա զեկույց` «Կինը և կինեմատոգրաֆիան» թեմայով:

Փառատնի շրջանակներում կներկայացվեն արվեստագետներ Հերիքնազ Գալստյանի, Հասմիկ Ավետիսյանի, Զառա Մանուչարյանի աշխատանքները:

Փառատոնի ժյուրիում այս տարի ընդգրկված են Գայանե Մարտիրոսյանը (ռեժիսոր, Հայաստան), Գարեգին Զաքոյանը (կինոգետ, Հայաստան), Լեսլի Էնն Քոլսը (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի հիմնադիր-տնօրեն, Կանադա), Օզլեմ Կինալը («Թռչող ցախավել» փառատոնի ծրագրի ղեկավար, Թուրքիա), Կլաուդիա Լենսենը (կինոգետ, Գերմանիա), Սոնիա Զոսիֆորթը (Մարսելի կանանց փառատոնի ծրագրի ղեկավար):

Փառատոնի հյուրերն են մի շարք ռեժիսորներ Թուրքիայից: Իրադարձության հովանավորն է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը, որը իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ, Ֆրանսիայի դեսպանատունը, Գյոթեի անվան ինստիտուտը, Կանադայի դեսպանատունը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, «Օրիֆլեյմ»-ը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Կին» կինոփառատոնը առաջին անգամ անցկացվել է 2003 -ին. ցուցադրվել են հայ կին ռեժիսորների վերջին տասնհինգ տարիներին ստեղծված ֆիլմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում