Նախագահ Սերժ Սարգսյանը Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ

Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հորդանան:

Թագավորի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:

Հայաստանի Նախագահը և Հորդանանի Թագավորն անկեղծ բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարին: Զրուցակիցները երկուստեք հանձնառություն են ստանձնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը բարձրացնելու որակական նոր մակարդակի: Հանդիպմանն անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության խորացմանն ու առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, երկուստեք վերահաստատվել է, որ երկու երկրների միջև փոխհարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանի և Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ մի շարք ոլորտներում հայ-հորդանանյան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր կրող անձանց մուտքի վիզա ստանալու պահանջից ազատելու մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության քաղաքացիական ավիացիայի կարգավորման հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության Ամման քաղաքի միջև քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առևտրի պալատի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջև համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության առևտրի պալատի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերական պալատի միջև Հայ-հորդանանական գործարար խորհրդի ստեղծման մասին, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի (Հայաստանի Հանրապետություն), Ամմանի առևտրի պալատի և Ամմանի արդյունաբերական պալատի (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն) միջև փոխըմբռնման հուշագիր:

Ի պատիվ պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի անունից տրվել է աշխատանքային ճաշ:

Արարողակարգի համաձայն, Հայաստանի Նախագահը և Հորդանանի Թագավորը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-հորդանանյան բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:

Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդն անձամբ իր և բոլոր հորդանանցիների անունից ողջունել է Հայաստանի Նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հորդանան: Նա ընդգծել, որ իր երկրում մեծ հպարտությամբ են ընդունում Հորդանանի և Հայաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները: Երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև, ըստ Հորդանանի Թագավորի, եղել են շատ խորը կապեր: Այդ համատեքստում նա հիշատակել է իր հոր և պապի ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ և նրանց օժանդակությունը հայ ժողովրդին: Թագավորն ընդգծել է, թե ոչինչ ավելի լավ չի խորհրդանշում հայ-հորդանանյան բարեկամությունը, քան Հորդանան գետի ափին վաղը կայանալիք հայկական եկեղեցու բացումը: Հորդանանի Թագավորը նշել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանի այցով նոր գլուխ է բացվում հայ-հորդանանյան երկկողմ հարաբերություններում և հույս է հայտնել, որ այս այցն ավելի կամրապնդի միջպետական հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում մեկ անգամ ևս շեշտել է, որ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և այն հատկապես դրսևորվել է հայ ժողովրդի համար ողբերգական պահին, երբ Օսմանյան կայսրությունում իրականացվում էր Հայոց ցեղասպանությունը: Նախագահը երախտագիտություն է հայտնել արաբ ժողովրդին, որ առաջիններից ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին՝ դժբախտության ժամանակ դառնալով մեր ամենամեծ բարեկամներից մեկը: Այդ առումով Նախագահն առանձնահատուկ հիշատակել է Արաբական Մեծ հեղափոխության առաջնորդ էմիր Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի դերը, որի անունը հավերժացել է մեր պատմության մեջ և ընթերցել է 1917 թվականին իր որդիներին՝ Էմիր Ֆեյսալին և Էմիր Աբդալլահին էմիր Հուսեյն Իբն Ալի ալ Հաշիմիի ուղղած ուղերձը, որում նա հորդորում է՝ «Ըստ ամենայնի աջակցե՛ք հայ գաղթականներին, պաշտպանե՛ք նրանց այնպես, ինչպես կպաշտպանեիք ձեր անձը, ձեր երեխաներին, ձեր ունեցվածքը»: Ըստ Հանրապետության Նախագահի, այդ ուղերձը տարածվեց և փրկեց հազարավոր հայերի կյանքը:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայ և արաբ ժողովուրդների բարեկամության մասին ևս մեկ դրվագ, երբ 1988թ. Հայաստանը պատուհասած աղետալի երկրաշարժի ժամանակ Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հայրը որդուց՝ Նորին Մեծությունից իմանալով այդ սարսափելի դժբախտության մասին, անմիջապես օժանդակություն ուղարկեց Հայաստան: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ահա այսպիսի պահերն են, որ այսօր երկու կողմերին վստահություն են հաղորդում ամրապնդելու մեր միջպետական հարաբերությունները:

ՀՀ Նախագահն իր խոսքում կարևորել է նաև մարդասիրությունը, կրոնական հանդուրժողականությունն ու համերաշխությունը, որոնք, նրա համոզմամբ, համամարդկային արժեքներ են: Ի հավաստումն ասվածի, Նախագահը մեջբերել է Հորդանանի երջանկահիշատակ Հուսեյն Առաջին թագավորի խոսքը. «Անկախ այն բոլոր դեպքերից և դեմքերից, որ սպառնացել են, նույնիսկ փորձել են խանգարել, քրիստոնյա-իսլամական հանդուրժողականությունը ու համակեցությունը կարողացել են դիմակայել … Այս մշակութային խաչաձևումը մեծապես նպաստել է փիլիսոփայության, գրականության գիտության և արվեստի բնագավառում մարդկության առաջընթացին, հետագայում նաև մեծ դեր խաղալով եվրոպական վերածննդի ծագման գործում»:

Հայաստանի Նախագահը և Հորդանանի Թագավորը մտքեր են փոխանակել նաև միջազգային, մասնավորապես՝ մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջանների զարգացումների շուրջ: Նրանք իրենց մտահոգությունն են արտահայտել ծայրահեղականության և նրա բոլոր դրսևորումների կապակցությամբ, կարևորել այդ մարտահրավերներին դիմակայելու գործում շահագրգիռ բոլոր ուժերի համախմբումը:

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում