«168 ժամ».«Էյր Արմենիան» տոմսերը վաճառել է, թռիչքը չի իրականացրել և ուղևորներին տեղյակ չի պահել

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը երեկ չի իրականացրել Երևան-Փարիզ չվերթը: Ու թեև տոմսերը վաճառվել էին, սակայն «Էյր Արմենիան» նույնիսկ հարկ չի համարել ուղևորներին զգուշացնել, որպեսզի նրանք անորոշության մեջ ժամերով չսպասեին օդանավակայանում:

Երեկ կեսօրին ավիաընկերությունը չեղյալ էր հայտարարել նաև Երևան-Կրասնոդար չվերթը, նախորդ օրը՝ Երևան-Ն.Նովգորոդ, Երևան-Սոչի չվերթերը: Թե ի՞նչն է խնդիրը, որ չվերթերը չեն իրականացվում, ու նման անհարգալից վերաբերմունք է դրսևորվում ուղևորների հանդեպ՝ ավիաընկերությունը չի մեկնաբանում, սակայն հերքում է իր սնանկության մասին լուրերը:

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ «Էյր Արմենիայի» համասեփականատեր Վահան Հարությունյանից, սակայն ապարդյուն: Լսելով, որ զանգահարողը լրագրող է, Հարությունյանը հայտարարեց, թե ոչ մի հարցի չի պատասխանում, ու անջատեց հեռախոսը:

Ցավալի է, բայց «Էյր Արմենիան» օրեցօր ավելի խորն է թաղվում խնդիրների մեջ: Այս միակ հայկական ավիաընկերությունը դեռ ընդամենը մեկ տարի է ուղևորափոխադրումներ իրականացնում, սակայն վատ մենեջմենթի ու արտերկրի ընկերությունների հետ հավասար մրցակցության արդյունքում վտանգում է ավելի արագացված ձևով կրկնել իր նախորդի՝ «Արմավիայի» ճակատագիրը ու սնանկ դառնալ, որքան էլ հակառակը պնդի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում