Թուրքիան Իրանին փոխարինում է Ադրբեջանով

Միջին Ասիայի երկրներ տարանցիկ փոխադրումների համար Թուրքիան որոշել է Իրանին փոխարինել Ադրբեջանով եւ բեռները փոխադրել Վրաստանով, Ադրբեջանով ու Կասպից ծովով:

Այս մասին թուրք լրագրողներին հայտարարել է Թուրքիայի միջազգային փոխադրումների միության նախագահ Ֆաթիհ Շեները` նշելով, որ մտադիր են այդ որոշումն իրագործել եկող տարվանից:

Նրա խոսքով` դրա հետ կապված Թուրքիան ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է անցկացրել եւ համաձայնություն ձեռք բերել: «Մենք թուրքալեզու պետություններ բեռնափոխադրումները կյանքի կկոչենք Ադրբեջանի վրայով: Անցյալ շաբաթ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են անցկացվել: Բեռնափոխադրումների նոր գները իրանականից ավելի հարմար են», -ասել է նա: Շեների խոսքով` Կասպից ծովի միջոցով բեռնանավերով տարեկան հնարավոր կլինի 30 մլն տ բեռ փոխադրել:

Իրանական IRNA լրատվական գործակալությունն օրեր առաջ հաղորդել էր, որ Թուրքիան խախտել է տարանցիկ փոխադրումների վերաբերյալ երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրի պահանջը` մեծացնելով տարանցման հարկերը: Իրանի ճանապարհների եւ ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության տարանցիկ փոխադրումների եւ սահմանամերձ պահեստարանների վարչության տնօրեն Մոհամեդ Ջավադ Աթարչիանը, անդրադառնալով տարանցիկ հաղորդակցության ոլորտում ստեղծված թուրք-իրանական ճգնաժամին, մասնավորապես, նշել էր, որ եթե Թուրքիան շարունակի խախտել համաձայնագիրը, ապա իրանական կողմը կդադարեցնի իր տարածքում թուրք վարորդներին վառելիքի վաճառքի գործընթացը:

Իրանական կողմի որոշումը պաշտոնյան հիմնավորել է այն բանով, որ Թուրքիան իրանական բեռնատար ավտոմեքենաների համար յուրաքանչյուր 100 կմ-ի դիմաց 50 եվրո է պահանջում վճարել, բայց միաժամանակ չի թույլատրում, որպեսզի իրանական ավտոմեքենաները վառելիք գնեն իր տարածքում:

Թուրքական կողմի մեղքով Թուրքիայի եւ Իրանի միջեւ այդ ճգնաժամը ծագել է այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը երկու անգամ մեծացրել է բեռնատար ավտոմեքենաների համար 1994 թվականին երկկողմանի համաձայնությամբ հաստատված հարկի չափը` խախտելով երկկողմանի պայմանավորվածությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում