ԲՀԿ-ի ուշացած հարցազրույցը

1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտներ, կամ 2014 թվականի համար հաստատված համադրելի գումարի համեմատությամբ 4.3 տոկոսով ավելի, 1 տրիլիոն 298 մլրդ դրամ ծախսեր, 114.12 մլրդ դրամի դիֆիցիտ, 4,1 տոկոս տնտեսական աճ. սա է 2015 թվականի ՀՀ պետական բյուջեն, եթե, իհարկե մեկ տողով ձևակերպելու լինենք:

Անցնող շաբաթ խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է եկող տարվա պետական բյուջեի քննարկումները: Նախ, հանրապետության վարչապետը ներկայացրել է բյուջեի ընդհանուր նկարագրիը, նախագիծը ձևավորող քաղաքական մոտեցումները, ապա անցել են ոլորտային քննարկումների, որոնք կշարունակվեն ևս մեկուկես շաբաթ:

Հիշեցնենք, որ քննարկումներից հետո կառավարությունը կանի վերջնական շտկումները ու հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կրկին կվերադրաձնի խորհրդարան՝ դեկտեմբերի առաջին քառօրյայում հաստատելու համար:

Քաղաքական գործիչների համար պետբյուջի քննարկումները լավագույն հնարավորություններից է բարձրագոչ ելույթների համար: Պատահական չէ, որ նմանատիպ ելույթները կանխելու նպատակով վարչապետ Հովիկ Աբրահամյանը բյուջեի ներկայացման ժամանակ հորդորել է. «Խնդրանքս այն է, որ զերծ մնանք, բյուջեի քննարկման ժամանակ ավելորդ քաղաքականացվածությունից»:

Ու մինչ տնտեսագետները չեն շտապում ներկայացվող պետբյուջեի նախագծի վերաբերյալ գնահատականների հարցում, հանրապետության վարչապետն ինքն է այն որակել որպես «հստակ սոցիալական»: «Այս տարի ևս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ 2015 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում՝ միայն կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015 թվականին կկազմեն շուրջ 596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014 թվականի համադրելի մակարդակը 25.7 մլրդ դրամով»,-հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի ներկայացմամբ՝ եկող տարվա բյուջեի նախագծում տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումներն արվել են երկու խումբ առանցքային ուղղությունների վրա. առաջին՝ գործարար միջավայրի բարելավում ու արտահանման զարգացում, և երկրորդ՝ հենքային ոլորտների զարգացում: Նշենք, որ եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը և պետական տուրքերը` 95.5 տոկոս: Ակնկալվում է, որ 2015 թվականի պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 24.33 տոկոս` 2014 թվականի համար հաստատված 24.05 տոկոսի դիմաց: Նախագծով նախատեսվել է դեֆիցիտի գումարը սահմանել 114.1 մլրդ դրամի չափով կամ 2014 թվականի համապատասխան ցուցանիշից 3.6 մլրդ դրամով ավելի:

Վարչապետը նշել է, որ պետական պարտքի կայունության պահպանումը շարունակում է մնալ որպես կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնական առաջնահերթություն: Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015 թվականի վերջի դրությամբ կանխատեսվել է 4 միլիարդ 953 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որի 83.4 տոկոսը բաժին է ընկնելու արտաքին պարտքին: Բյուջեի նախագծով այս տարի ևս շարունակվելու է ֆինանսական աջակցության ցուցաբերումը ԼՂՀ-ին՝ համար նախագծով նախատեսվում է շուրջ 45.5 մլրդ դրամի միջպետական վարկի տրամադրում:

Ի դեպ, 2015 թվականի պետբյուջեն մի շարք առանձնահատկություններ ունի: Օրինակ, վերջին տասը տարվա ընթացքում սա առաջին բյուջեն է, որ դպրոցների ֆինանսավորումը հաշվարկված է երեխաների թվի աճով: Մինչ այս դպրոցահասակ երեխաների թիվն ամեն տարի կրճատվել է, իսկ հաջորդ տարվա համար կանխատեսում են, որ 1100-ով ավելի շատ աշակերտներ կլինեն, քան այս տարի: Առանձնահատկություն է նաև, որ ԵՄ անդամ-երկրներից և այլ պետություններից Հայաստանը հաջորդ տարի ակնկալում է ստանալ մի շարք դրամաշնորհներ 20 միլիոն եվրոյի և 37 միլիոն դոլարի չափով:

Սա այն դեպքում, երբ Հայաստանը եկող տարի արդեն հանդիսանալու է Եվրասիական տնտեսական միության անդամ և այս փաստը, թերևս ամենակարևոր առանձնահատկությունն է: Ներկայում, մասնագետները հաշվարկում են նոր միության անդամակցության հնարավոր ազդեցությունը եկամուտների գնաճի վրա: «Անհրաժեշտ միջոցներ կներդրվեն ԵՄ արտոնյալ ռեժիմից օգտվելու ուղղությամբ, շեշտադրում կկատարվի ԵՏՄ-ին անդամակցելու արդյունավետ քայլերին»,-նշել է վարչապետը: Ի դեպ, նրա հավաստմամբ՝ հատուկ ուշադրություն կդարձվի արտահանման ներուժ ունեցող ոլորտներին, մասնավորապես՝ ճշգրիտ ճարտարագիտությանը, կոնյակագործությանը, գինեգործությանը, դեղագործությանը, ՏՏ ոլորտին, ոսկեգործությանը, ժամագործությանը, ադամանդագործությանը, թեթև արդյունաբերության ոլորտների ծրագրերին, առանձնակի՝ սննդի արտադրության արտահանման ոլորտին:

Գյուղատնտեսության ոլորտին անդրադառնալիս՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գյուղի հոգսերը կմնան Կառավարության ուշադրության կենտրոնում, և քաղաքականություն ուղղված կլինի գյուղական համայնքների համաչափ զարգացմանը, վարկերի մատչելիությանը: Թերևս, սա ևս բյուջի առանձնահատկություններից կարելի է համարել, քանի որ 2015 թ. բյուջեի նախագիծը ենթադրում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորման 50 տոկոսի աճ՝ հասցնելով այն 6 տոկոսի և 2014 թվականի պետական բյուջեով հաստատված 872.5 մլն դրամի դիմաց 2015 թվականին հատկացնել 1.163.0 մլն դրամ:

Բյուջի նախագծի քննարկումները կշարունակվեն և գնալով թերևս, կթեժանան, մինչ այդ անդրադառնալով ստվերի դեմ կառավարության ձեռնարկվող քայլերին՝ հանրապետության վարչապետն ասել է,- «Մենք կախարական փայտիկ չունենք, որ տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք մեկ ակնթարթում, ունենք կամք ու վճռականություն՝ քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ իրականացնելու» և նշել, որ Կառավարության թիրախը խոշոր բիզնեսն է, և իրենք ամեն կերպ նվազեցնելու են ստվերը:

Հ.Գ. Ի դեպ, այսօր ծավալուն հարցազրույցով հանդես է եկել Եռյակի հրող ուժ հանդիսացող ԲՀԿ-ի ղեկավարը, ով անդրադարձել է տնտեսության, գյուղատնտեսության ոլորտում եռյակի առաջ քաշած առաջնահերթություններին:

Սակայն այն մեծ առումով այն ուշացած էր, քանզի վեր բարձրացվող խնդիրները կամ արտահայտված են կառավարության՝ մայիսին ներկայացրած ծրագրում կամ իշխող մեծամասնությունը այն պլանավորել է իրականացնել 2015 թվականին. այն արտահայտված է բյուջեի մասին օրենքի նախագծում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում