Եռյակում ճգնաժամը կխորանա

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է ներքաղաքական, տնտեսական խնդիրներին: Կարելի է ասել, սակայն, որ հարցազրույցում առկա շեշտադրումները ամենևին էլ իրավիճակը չեն հեշտացնում` այն իմաստով, որ միևնույն է հարցականները ինչպես կային, այնպես էլ շատ են մնում:

Նախ, կարելի է ասել, որ ԲՀԿ առաջնորդը փորձում է եռյակի քաղաքականությունը կառուցել հակասություններով հարուստ մի հողի վրա, որը հետագայում անշուշտ ավելի կխորացնի քաղաքական ճգնաժամը: Գ.Ծառուկյանը հայտարարում է, որ 2012թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» հավաքել էլ մոտ կես միլիոն ձայն, և ահա այսօր «Ազատության հրապարակը համախմբված և վճռական տրամադրված՝ տասնյակ հազարավոր մարդկանցով ձևավորվել է համաժողովրդական շարժում»:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ եռյակի առանցքը ԲՀԿ-ն է և թե’ հոկտեմբերի 10-ին, թե’ հոկտեմբերի 24-ին մարդկանց մեծամասնությունը հրապարակ էր եկել լսելու Գ.Ծառուկյանին: Ու եթե իսկապես հաշվի առնենք այն, որ հանրահավաքին մասնակցության պաշտոնական թվերը հեռու են իրականությունից ու Ազատության հրապարակում հատկապես հոկտեմբերի 24-ին եղել է ոչ թե 14 հազար, այլ 20-25 հազար մարդ, ապա միևնույն է սա չի խոսում ԲՀԿ –ի օգտին:

Ու իր հարցազրույցում Գ.Ծառուկյանը հակասում է ինքն իրեն` 500 հազար ձայն հավաքած ուժը չէր կարող ընդամենը երկու տարի անց իր էլեկտորատի միայն 5 տոկոսը հավաքել… եթե, իհարկե, այսպես կոչված համաժողովրդական շարժումը իսկապես այդպիսին է ու պահանջված ժողովրդի կողմից, ինչպես այդ մասին ասում է Հայաստանի երկրորդ կուսակցության նախագահը:

Այո, Ծառուկյանն ասում է, որ իրենք մայդանների կողմնակից չեն, բայց ի՞նչ մայդանի կամ պայքարը փողոցում շարունակելու մասին է խոսքը,երբ փաստացի դու ունես 20-25 հազար մարդ` հեռուստացույցների կամ համակարգիչների մոտ նստածները հաշիվ չի:

Այլ կերպ ասած, եթե Գ.Ծառուկյանը մտադիր էր իր հարցազրույցով ապացուցելու իրենց ու համաժողովրդական շարժման հզորությունը, ապա քաղաքականության մեջ քիչ թե շառ գլուխ հանող ցանկացած մեկը հասկանում է, որ ստացվեց լրիվ հակառակը. երկու տարվա մեջ կորցնել էլեկտորատի զգալի մասը, երեք քաղաքական ուժերով հավաքել վճռական հանրահավաքների ընդամենը 20-25 հազար մարդ խոսում է կամ այն մասին, որ նոր դեմքերը, որոնց, ըստ Գ.Ծառուկյանի, ուզում է տեսնել ժողովուրդը հանրությունը իրենց շարքերում չի տեսնում, կամ էլ այն մասին, և սա իսկապես ցավալի է, որ հասարակությունը վերջնականապես հիասթափվել է:

Քսան տարի շարունակ Ազատության հարթակում լսել նույն, ոչ մի փոփոխության չբերող ճառերը իսկապես կարող են հիասթափեցնել ու անկախ նրանից, թե ով է ասում «ես այսօր այստեղ եմ, ես ձեզնից մեկն եմ» ` հասարակության համբերության բաժակն էլ կարող է լցվել:

Իշխանափոխության մասին կոչերը նոր չեն, ու համակարգչային սլայդ էլ պետք չէ, որպեսզի հիշենք բոլորին` Վազգեն Մանուկյան, Ստեփան Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան… և ահա` Գագիկ Ծառուկյան, ով երկու հանրահավաք հետո էլ չի կարողանում հստակ շարադրել, թե ո՞րն է երեք այդ ուժերի միասնական օրակարգը, եթե ամեն մեկը մի բան է կարևորում: Ի վերջո, որպես սկիզբ թերևս հարկավոր է սահմանել, թե ինչ է նշանակում «համաժողովրդական շարժում» իրենց պատկերացմամբ, քանի որ Հայաստանը արդեն տեսել է նման շարժում, իրապես համաժողովրդական` հեռավոր 1988-ին , բայց այսօրվանը որևէ հարցում դրան նման չէ ու դժվար էլ հավակնի այդպիսին դառնալ:

Համաժողովրդական շարժումը միայն կուսակցական մասնաճյուղերը շտաբերի վերածելը չէ, հարցազրույցներ տալ ու կամ էլ հրապարակայնորեն ցույց տալը չէ, որ հենց դու ես առաջնորդը ձևաչափում: Համաժողովրդական շարժման հիմնական ու կարևոր առանցքը նա է, որ հասարակությունը զերծ մնա հիասթափվելուց, ևս մի քանի տարով ապատիկ վիճակում հայտնվելուց, քանի որ որոշ գործիչների նման քայքայիչ քաղաքականությունից էլ երկրում կուտակվել են այն խնդիրները, որոնց դեմ պայքարի կոչ անող դրոշակներով այսօր զբաղեցրել են Ազատության հրապարակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում