Հայաստանի հյուսիսային սահմանը ևս թյուրքական զսպաշապիկ է հագնում: Ինչպե՞ս պահպանել Ջավախքում հայկական գործոնը

Վրաստանը էթնիկ բարդ խճանկար ունեցող երկիր է: Այդ երկրում բնակվող շուրջ 15 էթնիկ փոքրամասնությունների շարքում առաջին տեղը զբաղեցնում է ադրբեջանական համայնքը: Համաձայն 2002թ-ին անցկացված մարդահամարի տվյալների, Վրաստանում ադրբեջանական բնակչությունը կազմում է 284.761 մարդ կամ երկրի բնակչության 6.5 տոկոսը: Համեմատության կարգով նշենք, որ համաձայն նույն մարդահամարի տվյալների, Վրաստանում հայ բնակչությունը կազմում է 248.929 մարդ կամ 5.7 տոկոսը:

Վերջին տարիների ընթացքում դեմոգրաֆիական պատկերը փոփոխություն է կրել: Եթե հաշվի առնենք, որ 2008թ-ի հնգօրյա պատերազմից հետո Աբխազիան և Հարավային Օսիան դե ֆակտո Վրաստանի մարզերի թվում չեն, ապա ադրբեջանական փոքրամասնության թիվը կարելի է գնահատել 7-7.2 տոկոսի սահմաններում:

Չնայած Վրաստանում ադրբեջանական բնակչություն կարելի է հանդիպել Շիդա Քարթլիի, Կախեթիի ու Մցխեթա Մթիանեթիի նահանգներում և Թբիլիսիում, սակայն ադրբեջանական կոմպակտ բնակչությունն ապրում է Քվեմո-Քարթլի (ադրբեջանական տարբերակով` Բորչալու) նահանգում: Նրանք հատկապես մեծաքանակ են Ադրբեջանի և Հայաստանի սահմանակից Մառնեուլի, նաև Գարդաբանի, Բոլնիսի և Դմանիսի շրջաններում:

Սակայն Վրաստանում ադրբեջանական փոքրամասնության առկայությունը հայությանը հետաքրքրում է այն հնարավոր սպառնալիքների տեսանկյունից, որոնք թյուրքական տարրը կարող է ստեղծել ՀՀ-ի և ողջ հայության համար:

Չնայած պաշտոնական Բաքուն առերևույթ չի փորձում Քվեմո-Քարթլիում ադրբեջանական փոքրամասնության առկայությունը դարձնել երկկողմ հարաբերությունների օրակարգի խնդիր, սակայն հետևողական քաղաքականություն է տանում Քվեմո Քարթլիի և հետագայում նաև Ջավախքի թյուրքացման միջոցով ցամաքային անմիջական կապ հաստատել Թուրքիայի հետ և Հայաստանը հյուսիսից ևս շրջափակման ենթարկել իսլամական տարրով: Ընդ որում նման քաղաքականությունն Ադրբեջանն իրականացնում է Թուրքիայի հետ միասին:

Պատահական չէ, որ 1999թ-ին, երբ Վրաստանն անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, Թուրքիան բարձրացրեց թուրք-մեսխեթցիների Ջավախքում վերաբնակեցման հարցը: Այդ նախապայմանը դեռևս կյանքի չի կոչվել, սակայն Թուրքիան Ջավախքում թյուրքական գործոնի ակտիվացման նպատակով դիմում է մի շարք ձեռնարկումների:

Հատկապես ուշագրավ է Թուրքիայի և Ադրբեջանի համար կենսական կարևորություն ունեցող Բաքու–Թբիլիսի–Ջեյհան և Բաքու–Սուպսա նավթամուղերը, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը։ Այս կոմունիկացիաներն անցնում են Վրաստանի Քվեմո Քարթլիի և Ջավախքի նահանգներով, ըստ այդմ թուրք-ադրբեջանական զույգի համար կարևոր է Ջավախքը տեսնել հայաթափված և թյուրքաբնակ:

Սակայն այդ խողովակաշարերի առկայությունը ոչ միայն հեռահար ծրագրերով միտված է Ջավախքի հայաթափմանն, այլև ուղղված է հենց ՀՀ-ի դեմ:

Այսպես, 2014թ-ի օգոստոսին Նախիջևանում կայացավ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո Վրաստանի ՊՆ Իրակլի Ալասանիան հայտարարեց. «Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը սկսում են մտածել պաշտպանողականության ուժեղացման մասին»:

Իսկ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը տվեց հետևյալ մեկնաբանությունը. «Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը կարելի է համարել ՀԱՊԿ համանմանությամբ կառույց ստեղծման առաջին փուլը»:

Այսինքն՝ մեր հարևան երեք երկրները պատրաստվում են խողովակաշարերի երկայնքով համատեղ զորքեր տեղադրել: Իհարկե, սա միայն նախագիծ է և դրա կենսագործման հավանականությունը պարզ կդառնա երեք երկրների նախարարների ստամբուլյան հանդիպումից հետո, սակայն ակնհայտ է, որ տեսանելի ապագայում Հայաստանը ոչ միայն Արևելքից ու Արևմուտքից, այլ Հյուսիսից ևս շրջափակված կլինի թուրք-ադրբեջանական զորքերով:

Այս ամենին գումարենք նաև Ջավախքում Թուրքիայի վարած տնտեսական քաղաքականությունը,որը գնալով մեծացնում է ներդրումները Ջավախքում:Ասվածի վկայությունն է նաև հոկտեմբերի 10-ին «Անադոլու գրուպ»-ի կողմից կառուցված Փարվանի ՀԷԿ-ի բացումը, որի հզորությունը 87 մեգավատտ է: Վերջին 35 տարում այս հզորությամբ հէկ Վրաստանում չի կառուցվել: Ջավախքի բնական ռեսուրսների հաշվին արտադրված էլեկտրաէներգիան արտահանվելու է նաև Թուրքիա:

Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու խոսքերով՝ ՀԷԿ-ի բացումը դրական է անդրադառնալու երկրի տնտեսության վրա եւ իրենք թուրքական կողմի հետ բանակցում են նաեւ 3 նոր ծրագրերի շուրջ:

Այսպիսով, տեսնում ենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի վարած հետևողական քաղաքականության արդյունքում Ջավախքում և Քվեմո Քարթլիիում ռազմական, տնտեսական և դեմոգրաֆիական ասպեկտներում գնալով մեծանում է թուրք-ադրբեջանական գործոնը: Ռուս-վրացական պատերազմից հետո, Վրաստանն էլ ավելի է սերտացրել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի չի դիմագրավում թյուրքական դեմոգրաֆիական քաղաքականությանը:

Այսպիսով, գիտակցելով Հայաստանի հյուսիսային դարպասին գոյացող սպառնալիքից բխող վտանգը, ՀՀ-ն և համաշխարհային հայությունը պետք է քայլեր ձեռնարկեն այն կանխելու կամ հետևանքները նվազեցնելու համար:

Չնայած ՀՀ-ն զգուշավորություն է ցուցաբերում հայ-վրացական հարաբերությունների օրակարգում Ջավախքի հիմնախնդիրն ընգրկելու հարցում, սակայն կարծում ենք, որ Ջավախքում հայկական գործոնի պահպանման տեսակետից Վրաստանի իշխանությունների առաջ պետք է պարբերաբար բարձրացվեն հայոց լեզվի պահպանության, դպրոցների և տեղական մարմիններում հայերի պաշտոնավարման հարցերը:

Հայաստանում մեծ թիվ են կազմում Ջավախքից եկած հայ ուսանողները, որոնք հետագայում բնակություն են հաստատում Երևանում՝ նպաստելով Ջավախքի հայաթափմանը: Ցանկալի կլիներ Ջավախքում Վրաստանի կառավարության հետ համատեղ հայկական բուհ ստեղծվեր, որտեղ ոչ միայն հաջողությամբ կօգտագործվեր Ջավախքի հայերի գիտա-կրթական ներուժը, այլև հնարավորություն կտար ջավախահայերի հայկական բարձրագույն կրթության հարցը ապահովեր հենց տեղում:
Հայկական սփյուռքի կողմից ցանկալի կլիներ ներդրումներ կատարել Ջավախքում, որը մասնակիորեն կկանխեր տեղի բնակչության աշխատանքային միգրացիան, որը ջավախահայերի համար ծառացած հիմնական մարտահրավերներից է:

Կարևոր է, նաև, որ տեղի հայ համայնքն իր նկատմամբ ավելի մեծ վստահություն ստեղծի վրացական կառավարության մոտ: 2008թ-ի ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանին թշնամի ընկալող վրացական կառավարության համար ջավախահայերի նկատմամբ անվստահությունն էլ ավելի է աճել, քանի որ Վրաստանը Ջավախքը դիտարկում է ռուսական հենակետ իր երկրում:

Հարկ է, որ Ջավախքի հայկական կազմակերպություններն ավելի ակտիվ պայքարեն իրենց իրավունքների համար՝ հավատարիմ մնալով վրացական իշխանություններին:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում