«Քարը տեղից շարժվել է». Դինքի ընկերները հավաքվել են դատարանի առջև

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության դատական գործի հերթական նիստից առաջ նրա ընկերները հավաքվել են Չաղլայան դատարանի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղե կացնում է «Ակոս» պարբերականը: Հավաքվածների անունից ելույթով է հանդես եկել Եդվարդ Դանզիկյանը, ով, հիշեցնելով, որ հանցագործությունից 8 տարի անց հնարավորություն է ընձեռնվել դատական գործ հարուցել Դինքի սպանության մեջ մեղավոր մի շարք պաշտոնյաների դեմ, այս զարգացումը որակել է հետևյալ խոսքերով. «Քարը տեղից շարժվել է»:

«Պետությունն անում է ամենը, որ իր մարդիկ դատարանի առաջ չկանգնեն: Այս դատավարությունը մեզ այնպիսի բաներ է սովորեցնում… Այս դատական նիստերում եղել է այն անտեսանելի ձեռքը, որի գոյությունը մշտապես զգացել ենք, Դինքի դատական գործում այն հստակ երևում է: Մեր իսկ աչքով կարող ենք հետևել, թե ուր և ինչպես է այն երկարում»,- իր ելույթում նշել է Դանզիկյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի արդարադատության նախարարության կայացրած որոշմամբ վերացվել է արգելքը 9 նախկին պաշտոնյայի նկատմամբ դատական գործ հարուցելու համար, Դանզիկյանը խոսել է Դինքի դատավարության ապագայի մասին. «Արդյոք արդեն մի փոքր հույսով պետք է նայենք դատավարության ապագային: Կամ արդյոք «հույսն» այս դատավարության համար հարմար բառ է` չենք կարող ասել: Միայն գիտենք մի բան, որ 8 տարվա պայքարից հետո քարը տեղից շարժվել է: Քարը շատ մեծ է, քանի որ այն 99 տարվա քար է` 99 տարվա ժխտումը, մեղքն ու մեղսավորությունն իր վրա կրող հսկայական քար: Հետևաբար` գուցե ամեն բան նոր է սկսվում»:

Դանզիկյանը նշել է, որ մեղավորները պետք է անպայման իրենց պատիժը ստանան հանցագործության մասին իմանալու, սակայն աչք փակելու և այն չկանխելու համար` համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի: «Մեկ անգամ ևս այստեղից ասում ենք` քանի դեռ մենք չենք ասել վերջ, այս դատը չի կարող վերջանալ»,- իր խոսքը եզրափակել է նա:

Հավաքից հետո ներկաները մտել են դատարանի շենք, որտեղ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի ժամանակով 14:00-ին լսվելու է Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում