«Ժողովուրդ». Ներքաղաքային տրանսպորտի թանկացման հարցում դեռ հստակություն չկա

Երևանի ներքաղաքային տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովը տևական ժամանակ է՝ որևէ նոր առաջարկություն չի ներկայացրել: Սակայն չնայած տիրող հարաբերական անդորրին՝ առաջիկայում սակագնի թանկացման հեռանկարը շարունակում է մնալ օրակարգում: Ի վերջո կթանկանա՞ հանրային տրանսպորտի ուղեվարձը, թե ոչ:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժվարացել է տալ այդ հարցի միանշանակ պատասխանը, մինչդեռ նկատենք անցած տարի ամռանը Տարոն Մարգարյանը ևս ուղեվարձի թանկացման որոշումը կայացնելուց հետո, ի թիվս քաղաքապետարանի այլ պաշտոնյաների, թանկացումը համարում էր անխուսափելի:

-Պարոն Արեյան, հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը ի վերջո լինելո՞ւ է:

-Ներքաղաքային տրանսպորտի սակագների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ կանխատեսում չեմ կարող անել: Պետք է ասեմ, որ տրանսպորտի սակագինը քննարկող հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը, ես այս պահի դրությամբ որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել: Հստակություն չկա: Իմ կողմից պարզապես ճիշտ չի լինի որևէ բան հայտարարելը: Այնպես է, որ հանձնաժողովի աշխատանքները շարունակական բնույթ են կրում ինչպես արդեն նշեցի՝ որևէ հստակ կերպով մատնանշված նորություն չկա, բայց եթե, այնուամենայնիվ, թանկացումներ լինեն, բնականաբար տրանսպորտի սպասարկման որակի մեջ էլ պիտի դրական փոփոխություններ լինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում