Աշտարակում գործարար ծրագրերի շքերթ էր. լավագույնները կվարկավորվեն

Աշտարակի սկսնակ գործարարների համար ֆինանսավորման նոր հնարավորություններ են ստեղծվել. ամեն ինչ կախված է նրանց ներկայացրած բիզնես ծրագրի կենսունակությունից: Ինչպես «Արմենպրես»-ին Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից, Աշտարակում տեղի ունեցավ ՓՄՁ ԶԱԿ-ի և Ասիական զարգացման բանկի գործընկերության շրջանակում անցկացված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի հերթական խմբի մասնակիցների գործարար գաղափարների ներկայացումը: Ծրագրի այս խմբում ներգրավվել է 20, իսկ գործարար ծրագիր ներկայացրել՝ 19 սկսնակ գործարար: Գաղափարները արտադրության և ծառայության ոլորտներից էին՝ չրագործություն, կարի արտադրամաս, անձեռոցիկի և զուգարանի թղթի արտադրություն, հագուստի արտադրություն, ջերմոցային տնտեսո ւթյուն, կահույքի, լիմոնադի արտադրություն, առցանց (online) ծառայությունների մատուցում և այլն: Թե նրանցից քանիսը կվարկավորվի, կորոշի մասնագիտական հանձնաժողովը:

Մոտ երկու ամիս տևող դասընթացը ներառել է ուսուցողական, բիզնես խորհրդատվության և տեղեկատվական բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին` գործարարները ստացել են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիք, տեղեկացել են իրավաօրենսդրական դաշտին:

Դասընթացի մասնակցության հավաստագիր ստացած մասնակիցներից յուրաքանչյուրն իր գաղափարը ներկայացնելու ժամանակ շեշտեց, որ դասընթացը միայն բիզնես գիտելիք չէ, որ տվել է: Այստեղ մասնակիցները ձեռք են բերել նոր ընկերներ, նոր կապեր: Նրանցից շատերը նշեցին, որ նույնիսկ եթե իրենց բիզնես գաղափարը չհաստատվի վարկավորման համար, միևնույն է, դասընթացի ժամանակ ձեռք բերածն ընդմիշտ կմնա իրենց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում