Իրական հնարավորությունների բյուջե

Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության ծրագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները:

Բյուջեի նախագծով 2015թ. նախատեսվում է 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտների ստացում, կամ 2014թ. համար հաստատված համադրելի գումարի համեմատությամբ՝ 4.3 տոկոսով ավելի: Եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը և պետական տուրքերը` 95.5 տոկոս: Ակնկալվում է, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 24.33 տոկոս` 2014թ. համար հաստատված 24.05 տոկոսի դիմաց:

2015թ. ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը նախատեսվել է սահմանել 114.1 մլրդ դրամի չափով, կամ՝ 2014թ. համապատասխան ցուցանիշից 3.6 մլրդ դրամով ավելի: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ պետական պարտքի կայունության պահպանումը շարունակում է մնալ որպես կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնական առաջնահերթություն: Այդ կապակցությամբ դեֆիցիտի(պակասուրդի) նախագծվող մեծության և 2015թ. համար ծրագրվող անվանական ՀՆԱ-ի հարաբերակցությունը կանխատեսվում է 2.34 տոկոսի չափով՝ պահպանելով 2014թ. համար սահմանված մակարդակը:

ՀՀ Կառավարությունը ծրագրում է 2015թ. ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 26.68 տոկոսի, կամ 1 տրիլիոն 298.6 մլրդ դրամի չափով: 2015թ. բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը (47.9 տոկոս) կազմում են սոցիալ-մշակութային բնագավառի ծախսերը, ընդ որում՝ միայն կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ճյուղերում պետական ծախսերը 2015թ. կկազմեն շուրջ 596.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2014թ. համադրելի մակարդակը 25.7 մլրդ դրամով։ Պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանը և ազգային անվտանգության ապահովմանը նախատեսվում է ուղղել ընդհանուր ծախսերի 21.4 տոկոսը:

2015թ. պետական բյուջեի նախագծով ֆինանսական աջակցությունը Լեռնային Ղարաբաղին միջպետական վարկի տրամադրմամբ նախատեսում է շուրջ 45.5 մլրդ դրամի հատկացում: Տնտեսական քաղաքականության ծրագրերը ուղղված են լինելու գործարար միջավայրի բարելավմանն և արտահանման զարգացմանը: ՀՀ պետական բյուջեի նախագծում ներկայացված բազմաթիվ ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունների քայլ առ քայլ բացահայտմանն ու ներդրումների խրախուսմանը, ինչպես նաև առանձնակի ոշադրություն է դարձվել ստվերային տնտեսության նվազեցմանն միտված կարևորագույն գործընթացներին:

2015թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում մեծ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին, գյուղական համայնքների զարգացմանն առնչվող հիմնախնդիրներին: 2015 թ. բյուջեի նախագիծը ենթադրում է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորման ծավալների 50 տոկոս աճ:

Ըստ բյուջեի նախագծի, հաջորդ տարվա համար նախատեսվում է շարունակել ինչպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը և 29 տարածքային կենտրոններում համալիր սոցիալական ծառայությունների ամբողջությամբ գործարկումը, այնպես էլ հանրապետության մնացած տարածաշրջաններում համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների համար հատկացված շինությունների վերանորոգման ու վերազինման աշխատանքները:

Բյուջեի նախագծով բժշկական օգնության մատչելիության ապահովման ծրագրերի շրջանակներում շարունակվելու է առողջապահության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակումը, ինչպես նաև աստիճանաբար ընդլայնվելու են բժշկական ապահովագրության մեխանիզմների կիրառման շրջանակները: Առանձնակի ուշադրություն կդարձվի բնակչության անապահով և սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիությանը:

Արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության առաջ նոր հնարավորություններ են բացվում 2015թ.-ին: Անհրաժեշտ է շարունակել կարևոր գործընթացները Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու ծրագրերի շրջանակներում:

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի Հանրապետության անդամակցությունից հետո տնտեսական շահավետ հնարավորություններ կապահովվեն հայկական ընկերությունների համար: ԵՏՄ-ը Հայաստանի անդամակցության ծրագրերում գերակա ոլորտներ կարող են համարվել ճշգրիտ ճարտարագիտությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը, դեղագործությունը, բիոտեխնոլոգիաների հետազոտությունները, ոսկեգործությունը, ժամագործությունը, ադամանդագործությունը, թեթև արդյունաբերությունը:

Տիգրան Խաչատրյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում