Մյուս տարվա հունվարից հիմնական կենսաթոշակի չափը կավելանա

Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը կենսաթոշակների բարձրացման շարունակականության ապահովումն է: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում նախատեսվում է մինչև 14 տոկոսով ավելացնել աշխատանքային կենսաթոշակների չափերը 2015թ. հունվարի 1-ից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ քաղաքականությունը նույն կերպ է որդեգրված, ինչպես այս տարվա ընթացքում էր, երբ քննարկումների արդյունքում կենսաթոշակի հաշվարկման կարգի հետ կապված օրենքում փոփոխություններ են մտցվել: «Հիմնական շեշտը դրվում է ցածր կենսաթոշակ ստացող թոշակառուների կենսամակարդակի բարելավմանը: Այս առումով քաղաքականությունը շարունակվելու է, և 2015թ. հունվարից հիմնական կենսաթոշակի չափը ավելանալու է 2000 դրամով՝ սահմանվելով 16 հազար դրամ»,- ընդգծեց նախարարը:

Նախարարը տեղեկացրեց, որ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն առաջին տասը տարվա յուրաքանչյուր տարվա համար կսահմանվի 800 դրամ՝ ավելանալով 100 դրամով, և 10 տարուց ավելի յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ` 2014թ. գործող 450 դրամի փոխարեն:

Հիմնական կենսաթոշակի 14 տոկոս ավելացումը պետական բյուջեի համար հանգեցնում է կենսաթոշակների գծով 30 միլիարդ դրամի լրացուցիչ հատկացման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում