Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Հայաստանում Բելիգիայի նորանշանակ դեսպան Ալեքս վան Մեուվենին (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նա իր կարևոր նպաստը կբերի Հայաստանի և Բելգիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Վան Մեուվենը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև համագործակցությունը առավել ամրապնդելու և ընդլայնելու համար։

Հայաստանի ԱԳ նախարարը և Բելգիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, մշակութային, կրթական և գիտական փոխգործակցության խորացման վերաբերյալ:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ այս համատեքստում անդրադարձ կատարելով հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում