Գյուղոլորտի բյուջետային հատկացումները կավելանան 1 միլիարդ 445 միլիոն դրամով

Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսական ոլորտին նախատեսվում է հատկացնել 16 միլիարդ 610 միլիոն դրամ: Այս մասին Ազգային ժողովում գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պ ետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: «Ընթացիկ տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտին հատկացվող գումարի չափն ավելացել է 1 միլիարդ 445 միլիոն դրամով: Ցանկանում եմ նշել, որ այս գումարները հատկացվելու են ողջ գյուղատնտեսության ոլորտին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:

ՀՀ ֆինանսների փոխնախարարն ընդգծեց, որ ոլորտի ընթացիկ ծախսերը կկազմեն 9 միլիարդ 637 միլիոն դրամ, իսկ նպատակային վարկերը՝ 6 միլիարդ 993 միլիոն դրամ:

Պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի ավելացումն էլ Պավել Սաֆարյանը պայմանավորեց աշխատավարձերի բարձրացմամբ և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում