Քեսաբում իրավիճակը խաղաղ է. բնակիչները պատրաստվում են ձմռան

Սիրիայի մյուս շրջանների համեմատ Քեսաբում իրավիճակը համեմատաբար խաղաղ է, և կյանքն ընթանում է բնականոն հունով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ, քեսաբահայ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ Քեսաբից դուրս հաճախ ռազմական միջադեպեր են տեղի ունենում, սակայն իրենց մոտ միայն դրանց արձագանքն է լսվում: «Քեսաբցիները պատրաստվում են ձմռան և այդ նպատակով փորձում են լուծել վառելափայտի հարցը, քանի որ վառելանյութով ձմեռն անցկացնելն ավելի դժվար է` բարձր գնի պատճառով»,- նշեց Մանճիկյանը: Նրա խոսքով` տնտեսությունը գյուղաքաղաքում որոշ չափով վերականգնվել է, ու թեև Քեսաբում իրավիճակը խաղաղ է, եռուզեռ չկա:

Մանճիկյանը նաև նշեց, որ դպրոցներում դասերը բնականոն կերպով են ընթանում: Այժմ, բացի քեսաբցիներից, քյուղաքաղաքում բնակվում է Ռակկայի և Յակուբիայի մոտ 60 հայ ընտանիք: Այդ ընտանիքներից շատ քչերը Քեաբում բնակարաններ ունեն: Շտապօգնության մարմինը անվճար բնակարաններ է տրամադրել նրանց:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասն արդեն վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարաններն առանց բացառության վնասներ էին կրել: Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում