Լոնդոնի աճուրդում 1 մլն դոլարով վաճառվել է Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած ջութակը

Լոնդոնի աճուրդում 1 մլն դոլարով (628 հազար ֆունտ ստեռլինգ) վաճառվել է Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած եզակի ջութակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են «Ինգլես եւ Հայդեն» աճուրդի կազմակերպիչները:

Գործիքի նախնական գինը սահմանված Էր 225 հազարից 290 հազար դոլար: Գնորդի անունը չի բացահայտվում:

«Այդ գործիքը առանձնահատուկ պատմություն ունի: Այն ինչ-որ ժամանակ պատկանել է Մալբորոյի հինգերորդ դուքսին»,-նշել է աճուրդի ներկայացուցիչը: Դուքսը, որը հայտնի հավաքորդ էր, եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նախապապը:

Հետագայում ջութակը պատկանել է Ալֆոնսո Մարկոնիին՝ իտալացի հանրաճանաչ գյուտարար Գուլիերմո Մարկոնիի եղբորը:

Ընդամենը պահպանվել են 650 տարբեր տեսակի գործիքներ, որոնք Ստրադիվարիուսի արհեստանոցում ստեղծվել են նրա կյանքի օրոք: Դրանցից 512-ը ջութակներ են: Ընդամենն իր կյանքի ընթացքում վարպետը, մասնագետների գնահատումների համաձայն, ստեղծել է 1100 գործիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում