Սամվել Ալեքսանյանը բարելավել է հարկային դիրքերը: Բոլորը սկսել են օրինակա՞ն աշխատել, թե՞…

Ամիսներ առաջ՝ մայիսին,  ՀՀ վարչապետ Հովիկ  Աբրահամյանը հանդիպեց գործարարների հետ՝  պահանջելով  դուրս գալ  ստվերից, անգամ  հստակ ժամանակ էր սահմանվել: Հանդիպմանը ներկա ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ ի պատասխան անկեղծորեն հայտարարել էր,  որ եթե բոլոր գործարարները աշխատեն հարկային դաշտում, ինքն էլ կաշխատի:

Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 30-ին հրապարակել է Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակը՝ 2014թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով, ըստ որի՝  «Ալեքս Գրիգ» ընկերությունը հայտնվել է առաջատար եռյակում, ավելի կոնկրետ՝ երրորդ հորիզոնականում՝ վճարելով 14 մլրդ 752 մլն 624 հազ. դրամ նախորդ տարվա մոտ 11 մլրդ.-ի փոխարեն: Այստեղից  հարց՝  մյուս խոշոր գործարարները սկսել են ամբողջությա՞մբ վճարել հարկերը, թե՞ Սամվել Ալեքսանյանի կողմից սա բարի կամքի դրսևորում է կամ գուցե գործե՞րն են լավացել:

Times.am-ի հետ զրույցում  ՀԱԿԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը  նկատեց, թե Սամվել Ալեքսանյանի վճարած հարկերի չափի ավելացումը դեռևս չի նշանակում, որ ամբողջությամբ ստվերից դուրս է եկել:

«Դա  պետք է ուսումնասիրել, գուցե նոր գործունեություն է սկսել կամ ավելի շատ է  ներկրել»,-նկատեց նա:

Մեր դիտարկմանը, թե առհասարակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կատարե՞ց այս ուղղությամբ իր խոստումները, Վահագն Խաչատրյանը պատասխանեց.

«Չէր կարող կատարել, քանի որ նման խնդիր չի եղել, ինքը զբաղվել է իր առօրյա աշխատանքով »:

Վերադառնալով  խոշոր հարկատուների ցուցակին տեղեկացնենք, որ ՀՀ առաջին խոշոր հարկատուների տասնյակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը,  երկրորդ հորիզոնականում «Ղ-Տելեկոմն» է, երրորդում ինչպես նշեցինք՝ «Ալեքս գրիգ» ընկերությունը, չորրորդում՝   «Արմենիա Տելեֆոն կոմպանին», հինգերորդ տեղը զբաղեցնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, վեցերորդը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, յոթերորդը՝ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ը,   որից հետո «Գրանդ-տոբակո» հայ-կանադական ձեռնարկությունը, «Սիփիէս օիլ քորփորեյշն»–ը և վերջապես տասներորդ հորիզոնականում  Երևանի կոնյակի գործարանն է:

Խոշոր 1000 հարկատուների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։
 

Մարիամ Պետրոսյան
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում