Հայաստանում առաջին անգամ նշվում է Նախագծերի կառավարման միջազգային օրը

Նախագծերի կառավարման մշակույթը հանրապետությունում ձևավորելու և ոլորտի զարգացմանը սատարելու համար Հայաստանում առաջին անգամ նշվեց Նախագծերի կառավարման միջազգային օրը: Այդ առիթով կազմակերպված համաժողովում քննարկվեցին նախագծերի կառավարմանը վերաբերող բազմաբնույթ հարցեր: Միջոցառման ընթացքում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջի տեղակալ Վարդան Արամյանը խոսեց Կառավարության համար նախագծերի իրականացման կարևորության մասին: «Կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում միջազգային կառույցների հետ, որոնց ժամանակ կարևոր է նախագծերի կառավարման հմտություններին տիրապետելը: Պետք է մտածել ռեսուրսների ճիշտ օգտագործման և ծասխերի կրճատման մասին` նպատակին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը նշեց, որ Հայաստանում իրականացվող միջազգային ներդրումային և զարգացման ծրագրերը պահանջում են նախագծերի կառավարման ռազմավարական մոտեցում և նորարար լուծումներ: «Ասիական զարգացման բանկը Հայաստանի կառավարությանը տրամադրում է վարկեր և տեխնիկական օժանդակություն` իրականացնելու համար բազմապիսի ծրագրեր, հետևաբար` մենք հետևողական ենք դրանց իրականացման գործում: ԱԶԲ-ն կարևորում է տեղի մասնագետների աջակցությունը ծրագրերի կառավարման ոլորտում հմտությունների և կարողությունների զարգացման համար»,- նկատեց նա:

«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանն էլ խոսեց ակադեիայի կողմից առաջարկվող կրթական ծրագրերի և ոլորտի զարգացման անհրաժետության մասին: «Ակադեմիայի գործունեությունը լիովին ուղղված է ապահովելու որակյալ մասնագետների մրցունակությունը տեղական և միջազգային ասպարեզում: Նախագծերի կառավարման օրը Հայաստանում մեծ շուքով նշելու նպատակն այս ոլորտի միջազգային քարտեզի վրա Հայաստանի կայուն տեղն ամրագրելն է»,- ընդգծեց նա:

Համաժողովին մասնակցում էին Հայաստանի առաջատար համալսարանների ուսանողներ, ովքեր մասնակցում են նախագծերի կառավարման մրցույթին: Համաժողովի 12 սեմինարների ընդհանուր մասնակիցների թիվը ավելի քան 150 էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում