«Մեծահարուստի ընդդիմադիր դառնալու օրինակ ունեցել ենք, հիմա կունենանք նոր նախադեպ». Վահագն Խաչատրյանը՝ Ծառուկյանի ընդդիմադիր դառնալու մասին

Այն պահից, երբ ԲՀԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, տեսակետներ հնչեցին, որ օլիգարխը չի կարող ընդդիմադիր լինել, Գագիկ Ծառուկյանն ինքն էլ  մոտ մեկ տարի առաջ բացառեց իր ղեկավարած կուսակցության ընդդիմադիր դառնալը՝ հռչակելով  այլընտրանք: Մեկ շաբաթ առաջ ԲՀԿ առաջնորդը Ազատության հրապարակում  հրավիրված հանրահավաքին արտաբերեց իշխանափոխություն բառը, իսկ օրերս հերթական հարցազրույցը տվեց, որտեղ վստահեցնում է, թե հետդարձի ճանապարհ չունի, որ գնալու է  այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի, որ համաժողովրդական շարժումը պետք է մեծացվի և այլն: Բայց սրանից հետո դարձյալ կարծիքներ եղան, թե բացառվում է, որ օլիգարխը դառնա ընդդիմադիր՝ աչքի տակ ունենալով հնարավոր զրկանքները: Ամեն դեպքում   հնարավո՞ր է, որ ՀՀ-ում  նման բանի ականատես լինենք:

ՀԱԿԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը Times.amի հետ զրույցում հիշեցրեց, որ աշխարհում նման շատ-շատ փորձեր են եղել, իսկ  Հայաստանում  մեծահարուստի՝ Խաչատուր Սուքիասյանի ընդդիմադիր դառնալու  օրինակ  ենք  ունեցել:

«Հիմա նոր նախադեպ կունենանք, որը սկսված է»,-շեշտեց Վահագն Խաչատրյանը՝ խոսելով  օլիգարխի՝ Գագիկ Ծառուկյանի ընդդիմություն դառնալու հնարավորությունից և ակնարկելով, թե դա կարող է վարակիչ լինել:

Երևանի նախկին քաղաքապետը նշեց, թե շատ կցանկանար, որ մեծահարուստը, օլիգարխն ընդդիմադիր լինի և դա բնական դիտվի, որ նրանք   բոլոր թևերում ներկայացված լինեն, ինչը կհանգեցնի բիզնեսի կախվածություն չունենալուն: Միաժամանակ,  Վահագն Խաչատրյանն ակնարկեց, որ  քաղաքական գործունեության հիմքում անկախ ամեն ինչից պետք է ոչ թե բիզնես շահը լինի, այլ գաղափարը, որպեսզի չունենանք պրակտիկա, երբ իշխանությունն օգտագործվում է հարստանալու  համար:

Ինչ վերաբերում է  Գագիկ Ծառուկյանի մեկ այլ մտքին, թե Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը, տնտեսագետը նկատեց՝ սա ակտուալ հարց է, պետք է բիզնես նոր կանոններ մշակվեն, չպետք է օրենքից դուրս կիսվելու  պարտադրանք լինի:

 

Մարիամ Պետրոսյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում