Անկարան սառեցրել է Օջալանի եւ քրդերի հետ երկխոսությունը

Թուրքիայի կառավարությունը ժամանակավորապես սառեցրել է վերջին երկու տարիներին երկրում քրդական խնդիրը լուծելու շուրջ` Իմրալի բանտում ցմահ ազատազրկման մեջ գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի եւ քրդական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների հետ տարվող բանակցությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը , հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշել է, որ հայտնի չէ, թե ինչքան պետք է շարունակվի քրդական խնդրի կարգավորման բանակցությունների սառեցման ժամկետը:

Նշվում է, որ թուրքական կառավարությունն այդ քայլին է դիմել է հոկտեմբերի 15-ին Յուքսեքովայում, հոկտեմբերի 25-ին Դիարբեքիրում թուրք զինվորների սպանությունների, ինչպես նաեւ քրդական քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների կողմից նոյեմբերի 1-ին համաքրդական զանգվածային բողոքի ակցիաներ անցկացվելու մասին որոշում ընդունվելու կապակցությամբ: Թուրքական կառավարությունը մերժել է նաեւ քրդական առաջատար կուսակցությունների եւ հասարակական գործիչների հանդիպումները Օջալանի հետ, որոնք պարբերաբար անցկացվում էին վերջին երկու տարիների ընթացքում:

Ենթադրվում է, որ Թուրքիայի կառավարության կողմից քրդական խնդիրը երկրում լուծելու «հաշտության գործընթացը» դադարեցվել է կապված Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ինչպես հայտնի է, Թուրքիան հրաժարվել է մասնակցել Քոբանին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման բռնազավթումից ազատագրելու` ԱՄՆ-ի գլխավորությամբ, 11 պետությունների կողմից ստեղծված կոալիցիայի ռազմական գործողություններին, ինչը խստորեն վրդովվեցրել է թուրքաբնակ քրդերին: Անկարայում գտնում են, որ, Քոբանիի քրդերին օգնելով, օգնած կլինեն PKK-ին, որին իրենք դեռեւս շարունակում են համարել ահաբեկչական կազմակերպություն:

Թուրքիաի քրդական կուսակցություններն ու հասարակակական կազմակերպությունները հանդես են եկել Անկարայի այդ որոշումը դատապարտող հայտարարություններով: Թուրքիայի հարավարեւլյան եւ հարավային շրջաններում, ինչպես նաեւ Ստամբուլում եւ Անկարայում քրդերի զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնք ընթանում են մասնակիցների եւ իրավապահների միջեւ բախումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում