Մամուլն այսօր. Ո՞վ կդառնա Սպորտի նախարար և ինչի՞ հաշվին է թանկանում շաքարավազը

Հետընտրական զարգացումներ.

Ըստ «Երկիր» օրաթերթի՝ նախարարական պորտֆելները բաժանելու շուրջ նոր խնդիրներ են առաջացել ՀՀԿ-ում: Թեև կառավարության կազմը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու, բայց թերթի տեղեկություններով նոր կառավարության հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի մտավախություններ ունի: Սարգսյանը նախարարների պաշտոններում ցանկանում է տեսնել հեշտ կառավարելի և անմիջապես իրեն ենթարկվող մարդկանց: Այս համատեքստում, թերթին հասած լուրերի համաձայն, Տիգրան Սարգսյանն ընդդիմանում է Գագիկ Բեգլարյանի նախարար նշանակվելուն: Ինչպես հայտնի է, Բեգլարյանի նախարար դառնալու թեման շոշափվում էր դեռ վաղուց, մամուլում նախ շրջանառվեց, որ նա դառնալու է կապի և տրանսպորտի նախարար, հետո էլ’ տարածքային կառավարման նախարար: «Մենք արդեն հայտնել ենք, որ ամենահավանականը տարածքային կառավարման նախարարի պաշտոնն է, ինչն էլ ամենաշատն է անհանգստացնում Տիգրան Սարգսյանին: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ նա ջանում է Արմեն Գևորգյանին պաշտոնում թողնելու համար: Ի դեպ, Բեգլարյանը պաշտոնի համար լուրջ պայքար չի ծավալում»,- գրում է թերթը:

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, վարչապետ Տիգրաև Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ, ՕԵԿ և ԲՀԿ ներկայացուցիչների հետ և քննարկել խորհրդարանին ներկայացվելիք կառավարության ծրագրի որոշ մանրամասներ: Մնում են ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը: Եթե առաջին երկուսին առաջարկներ արվել են, ապա ՀԱԿ-ի հետ նույնիսկ պայմանավորվածություն չկա: Կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարևորում ՀԱԿ տեսակետը, կամ էլ նախապես պատկերացնում է, թե ինչպիսին է լինելու իր ծրագրի նկատմամբ վերաբերմունքը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին էր այցելել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը’ Լոնդիկը: Երբ «ՉԻ»-ն Արարատի մարզպետից հետաքրքրվեց, թե ի՞նչ առիթով է այցելել Հովիկ Աբրահամյանին, վերջինս ուղղակի զայրացավ: «Չհասկացանք, զարմանալի մարդիկ եք: Ձեզ ինչ հետաքրքիր ա, թե ինչի՞ եմ եկել: Եկել եմ, որովհետև Շարմազանովը իմ ընկերն է, Նաղդալյան Հերմինեն իմ հայրենակիցն է»:

«ՉԻ» տեղեկություններով, առաջիկայում Լոնդիկը զրկվելու է մարզպետի պաշտոնից, և նա պտտվում է Հովիկ Աբրահամյանի շուրջը’ փորձելով նրան համոզել, որ Աբրահամյանը իրեն վստահի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Երեկ Հովիկ Աբրահամյանին էր այցելել նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը: «ՉԻ»-ն նրան էլ հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցող հավաքի և իր այցի նպատակի մասին: Ռուբեն Թադևոսյանը հարցին հարցով պատասխանեց. «Իրավունք չունե՞մ Ազգային ժողով գալու»:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի շուրջը պտտվողների շարքում էր նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ տանուլ տված Արարատի ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամ Բաբայանը, որը նույնպես երեկ ԱԺ-ում էր: ԱԺ նախագահի բոլոր խորհրդավոր հյուրերն էլ լռեցին հավաքի նպատակի մասին:

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին էր այցելել նաև ԲՀԿ քվոտայով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանը: ԱԺ նախագահի մոտ կազմակերպված հավաքի նպատակի մասին նա ևս գերադասեց լռել»:

Ո՞վ կդառնա սպորտի նախարար.

«Երկիր» օրաթերթը գրում է, որ չնայած իշխանական մամուլը ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա չկազմելուց հետո բազմիցս գրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի մնալու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում, բայց արդեն հստակ է, որ Ծառուկյանը շարունակելու է ղեկավարել ՀԱՕԿ-ը: Ի դեպ, այդ պաշտոնում Ծառուկյանին ցանկանում է տեսնել հենց ՀՀԿ վերնախավը. սպորտի զարգացման համար Ծառուկյանի արածը ՀՀԿ-ում գնահատում են: Թերթի տեղեկություններով, չի բացառվում նաև, որ չնայած կոալիցիայի չկայացմանը’ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվի հենց ԲՀԿ-ական:

«Իրատես de facto» թերթի ՀՀԿ-ական աղբյուրները տեղեկացնում են, որ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար կդառնա Խաչիկ Ասրյանը: «Ճիշտ է, ՀՀ-ում արևմտյան որոշ դեսպաններ Սերժ Սարգսյանին են փոխանցել իրենց «որոշ» մտահոգությունները’ Խաչիկի ողջունելու, ձեռքի հատուկ շարժման առնչությամբ, որն «ինչ-որ մեկի» ողջույնն է հիշեցնում, սակայն պարոն դեսպաններին բացատրվել է, որ արիականությունը հայոց լեռներից է սկիզբ առել, մեր նախնիներից է սկսվել ողջույնի այդ ձևը, իսկ թե հետագայում ինչ դեգրադացիա է ապրել, արդեն «մեր գործը չէ»: Այնուհանդերձ, «հոգեխանգարմունքից» հասկացող դիվանագետները հասկացել են, որ ենթագիտակցության ազդեցության ինչ նոմինալներ են կիրառվում աշխարհում թե ընտրությունների, թե մնացած «դեպքերի» ժամանակ’ էլեկտորատն իրենցով անելու համար, մեղմորեն ժպտացել են, Խաչիկն էլ օր օրի «հավատում ու փոխվում» է, ու հիմա ՀՀԿ-ի ամենահավանական նախարարի թեկնածուն է. «Հանաք բան չիմանաք’ Խաչիկն էնքա՜ն ձեն է բերել ՀՀԿ-ին, որ ոչ մեկը չի բերել. Սերժ Սարգսյանն ուր գնում էր’ արծիվներն իրենց դրոշներով պաստառներով հո՜ծ խմբերով կանգնած էին»:
Բայց Խաչիկի միսիան բոլորովին այլ է հայոց մեջ, ինչի մասին ՀՀԿ-ականները չեն ուզում խոսել. Խաչիկ Ասրյանը «պրոյեկտ» է, որը պետք է խլի դաշնակցականների «հացը»’ ռազմահայրենասիրական-ազգային-արիական «գետնին» վրա, էդ «հացը», կուլտուրական ասած’ դաշտը, բերի-տա ՀՀԿ-ին»,- գրում է թերթը:

Զարմանազան.

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, օրերս Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներից մեկը: Ներկաներն Ալեքսանյանին ձեռքով բարևել են, ներս հրավիրել: Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսանյանը Կոնգրեսի գրասենյակում նարդի է խաղացել, մի փոքր զրուցել ու հեռացել: Ե´վ ՀԱԿ-ին, և´ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին մոտ կանգնած թերթի աղբյուրները մասնավոր զրույցներում հաստատել են այս տեղեկությունը, սակայն պաշտոնական մեկնաբանություն ո´չ ՀԱԿ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքային գրասենյակից, ո´չ էլ Ալեքսանյանից ստանալ չի հաջողվել:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ երեկվանից թանկացել է փոքր և միջին խանութներին մատակարարվող շաքարավազը: Մեկ 50 կիլոգրամանոց շաքարավազի պարկի գինը բարձրացել է 400 դրամով, այսինքն’ յուրաքանչյուր կիլոգրամը թանկացել է մոտ 8 դրամով: «Թե որքան կբարձրանա մանրածախ գինը, պարզ կդառնա առաջիկա օրերին»,- գրում է թերթը՝ նկատելով, որ 2 տարի առաջ մեծ շուքով վերաբացվեց Սամվել Ալեքսանյանին պատկանող Սպիտակի շաքարի գործարանը, որի հզորությունը, ինչպես հայտարարվում էր այն ժամանակ, կբավարարի Հայաստանի պահանջարկը, և մի բան էլ’ կարտահանվի: Այսինքն, տեսականորեն մեր սպառած շաքարավազը արտադրվում է Հայաստանում, և դրա գնի վրա չի կարող ազդել դրամի արժեզրկումը: «Գործնականում Հայաստանը շարունակում է շաքարավազ ներկրել, ներկրողն էլ այդ նույն շաքարի գործարանի սեփականատեր Լֆիկ Սամոն է»,-եզրափակում է «ՀԺ»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում