Եկեղեցու հարցը իշխանական ռազմավարությո՞ւն, թե՞ արժեքային խառնաշփոթ

Եկեղեցու հարցը իշխանական ռազմավարությո՞ւն, թե՞ արժեքային խառնաշփոթ

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի վարած հրապարակային հռետորաբանությունն արձանագրում է նոր, բայց խորքային շարունակություն ունեցող հակասության սրացում՝ պետական իշխանության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև։ Եթե նախկինում թաքնված կամ ձևական հարգանքի ժեստերով քողարկված հակազդեցությունները մնում էին ավելի շուտ խորքային, ապա այժմ տեսնում ենք բացահայտ հարձակում՝ ուղեկցված զուգահեռ մոբիլիզացիոն գործողություններով։

Նախօրեին Փաշինյանը հերթական անգամ ուղղակի հարձակում կազմակերպեց Հայ եկեղեցու ուղղությամբ՝ նշելով, թե «եկեղեցիները չուլանացվել են․ մտնում ես եկեղեցի, տեսնում ես, մեկի կոշիկն է դրված, մեկի հագուստը, ապալովկի ու արմատուրայի կտորներ, էսա մեր վերաբերմունքը եկեղեցու հանդեպ, սենց ենք մենք պահում մեր հավատը»։ Ինչպես և կանխատեսվում էր, թեմայի հետ կապված բուռն արձագանքներ եղան, քննադատական ալիք բարձրացավ։ Այսօր առավոտյան, արդեն, Փաշինյանն, բաց տեքստով հայհոյախառն գրառում է կատարել՝ պիտակավորելով ու վիրավորելով եկեղեցու սրբազաններից մեկին (ի դեպ՝ գրառումները մի քանիսն էին, որտեղ միմյանց հերթ չտալով տարբեր թեզեր էր տիրաժավորում)։ Ավելին, Փաշինյանին զուգահեռ, թեմայի մեջ մտավ Աննա Հակոբյանը՝ այս գործընթացին ավելի խորքային «փաստարկներ» հաղորդելով։

Ըստ էության Փաշինյան զույգն իր առաջ հստակ խնդիր է դրել, եկեղեցուն ու բարձր հոգևոր դասին անարգելու ու պարսավանքի ենթարկեու, այլապես նման կերպ չէր «կպնի» գործին։ Ավելին, Փաշինյանի երեկվան «անոնսը», որը բուռն արձագանք ստացավ նաև եկեկեղեցու և մի քանի սրբազանների կողմից, այն էր՝ ինչին սպասում էր Փաշինյանը, և այսօր արդեն թեման ավելի մանրակարկիտ բացվեց՝ հստակ մշակված պլանով։ Այս գործընթացին աստիճանաբար միանում են նաև ՔՊ վարչախումբը, տարբեր մանր մեկնաբանությւոններ ու գրառումներ անելով։ Սա հաշվարկված քարոզչական ազդակ է՝ միտված հանրային օրակարգի վերահսկմանը, ավանդական ինստիտուտների հեղինակազրկմանը և քաղաքական ճակատը ոչ ավանդական տիրույթներում լայնացնելու փորձին։

Փաշինյանը հստակ գիտակցում է, որ եկեղեցին, անկախ իր ներկայիս կազմակերպական ներուժից, շարունակում է մնալ ազգային ինքնության մի կենտրոնական առանցք։ Հետևաբար՝ եկեղեցու դեմ ուղղված հռետորաբանությունն իրականում վերաբերում է այդ ինքնության վերաձևման, նորմատիվ դաշտի փոփոխման և արժեքային փոխատեղման փորձին։ Միաժամանակ, իր այս քայլերով նա փորձում է մոբիլիզացնել այն հասարակական շերտերը, որոնք տարիներ շարունակ մերժվել են ինչպես ավանդական վերնախավի, այնպես էլ՝ նոր լիբերալ բևեռների կողմից։ Սա այն հատվածն է, որը նախկինում դրսևորվում էր այլ մարգինալ գործիչների շուրջ, որոնցից ամենաորակապես կազմավորված օրինակը Վարդան Ղուկասյանն (Դոգ) էր։ Այդ լսարանի քաղաքական լիդերազուրկ մնալու պայմաններում, Փաշինյանը փորձում է իրենց դիմել հենց իրենց բառապաշարով՝ տեղ-տեղ փոխարինելով քաղաքական բանավեճը հրապարակային հոխորտանքով և վախի կամ արհամարհանքի լեզվով։

Պետք է նշենք, որ եկեղեցու դեմ նման հռետորաբանությունն այնքան էլ միանշանակ չի ընկալվելու նույնիսկ հենց Փաշինյանի քաղաքական թիմի ներսում։ Չնայած պաշտոնապես դեռևս ոչ մեկը հրապարակային կերպով չի արձագանքել, սակայն իշխանության ներսում շատերն են հասկանում, որ եկեղեցու դեմ ուղղված հրապարակային հարձակումները կարող են բերել ոչ միայն հասարակական բևեռացման խորացման, այլև՝ ծանր հակազդեցություն ավանդապաշտ շրջաններից՝ ներառյալ Սփյուռքը։

Այս հակազդեցության վտանգը իշխանության համար առանձնապես ակնհայտ է այն պայմաններում, երբ վերջինս փորձ է անում պահպանել արտաքին կայունության տպավորություն՝ միևնույն ժամանակ իր ներսում վարելով բևեռացնող ու սուր հռետորաբանութամբ հագեցած քաղաքականություն։ Այստեղ առաջ է գալիս գլխավոր պարադոքսը՝ մի կողմից՝ փորձ է արվում կառուցել «համերաշխության հանրապետություն», մյուս կողմից՝ արհամարհանք և բացահայտ թշնամանք է արտահայտվում հասարակության կարևոր հատվածի արժեքային հենարանների նկատմամբ։

Եկեղեցու շուրջ ծավալվող այս գործընթացը վաղուց դուրս է եկեղեցական խնդիր լինելու սահմաններից։ Այն վերածվում է քաղաքակրթական բախման՝ ավանդույթի և ինստիտուցիոնալ հիշողության կրողների ու ժամանակավոր իշխանություն ունեցող, հաճախ՝ մարգինալ ներշնչումներով գործող ուժերի միջև։ Այնպիսի տպավորություն է, որ ի դեմս Փաշինյանի, ՔՊ ողջ «սաստավը» ամեն ինչ անում է, որպեսզի հանրային պարսավանքի թիրախ դառնան, հատուկ այնպիսի գործիքակազմ ու բառամթերք են օգտագործում, որ լայն արձագանքի, ինչու ոչ հանրային դժգհության ալիք բարձրանա, սակայն տոտալ անտարբերությունը շարունակվում է։

Փաշինյանի վերջին գրառումները ցույց են տալիս, որ ոչ միայն նրա քաղաքական մոբիլիզացիոն տրամաբանությունը, այլև՝ այն փաստը, որ նա չի պատրաստվում նահանջել՝ անգամ եթե կանգնի արժեքային ճգնաժամի առաջ։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում