20-րդ դարի Ավարայրը՝ Սարդարապատ, 21-րդ դարինը՝ Սյունի՞ք

Նմանատիպ
Երբ Սարդարապատի հուշահամալիրում մայիսի 28-ի Փաշինյանի ելույթում ոչ մի խոսք չի հնչում այն մասին, թե ում հաղթեցին հայերը մայիսյան հերոսամարտերում, ինչ էին անում թուրքերը հայերի հետ մինչև այդ հաղթանակը, ինչ էին ծրագրում անել, եթե պարտադրված չլինեին կանգ առնել, ով է Քյազըմ Քարաբեքիրը, որին Էրդողանն ու այսօրվա Թուրքիան փառաբանում են, և փոխարենը Թուրքիայի մասին միայն հայտարարվում է, որ «Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն», նշանակում է ուղերձ Թուրքիային։
Երբ նույն ելույթում նշվում է, թե «այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում Համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար… Պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն», նշանակում է ուղերձ Ադրբեջանին։
Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները և մեթոդները հայտնի են, Փաշինյանի ուղերձների վերջը՝ նույնպես։ Թուրքիայից և Ադրբեջանից առաջ սրանք ուղերձներ են Հայաստանի քաղաքացիներին, և այստեղ է, որ կարող է փոփոխություն լինել։
Խնդիրն այն է, որ Փաշինյանի՝ «պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն» ֆրազի կողքին հայտարարություններ են Վաշինգտոնից, Մոսկվայից և օկուպացված Արցախից։
Մայիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասաց. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու վրա։ Կա կոնֆլիկտի իրական ռիսկ, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերն ակտիվ ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականություն դարձնել և կանխել հնարավոր ռազմական ներխուժումն այնտեղ»։
Մեկ շաբաթ անց՝ մայիսի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հստակեցրեց, թե որ ուղղությամբ կարող է լինել այդ ներխուժումը։ «Լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է», ֊ հայտարարեց Բելոուսովը։
Երբ Վաշինգտոնից և Մոսկվայից միաժամանակ են հայտարարություններ հնչում Հայաստանի դեմ ագրեսիայի հավանականության մասին, իրականությունը տեսնելն այլևս աշխարհաքաղաքական կենտրոնների նախընտրության հարց չէ, արևմտամետ կամ ռուսամետ պիտակներն էլ ավելորդ են։
Սյունիքին շատ մոտ՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքում, Բերձոր ֊ Լաչինում մայիսի 28 ֊ ի առավոտյան վայրէջք կատարեց Թուրքիայի նախագահի օդանավը։ Էրդողանի հետ էր Պակիստանի վարչապետը։ Փաստացի՝ Արցախի օկուպացիան իրագործած երեք պետությունների առաջնորդները հավաքվել էին օկուպացված հողում։ Էրդողանը, Լաչինի օդակայանի բացմանը հայտարարեց այն, ինչի տողատակերն է պետք տեսնել. «Եթե Ալլահը կամենա, Ադրբեջանը կնայի ավելի հեռու հորիզոնների»։
Արցախի Հանրապետության փոքր տարածքում երեք միջազգային օդակայան. սա նշանակում է հարձակողական, ռազմական պոտենցիալ։ Իհարկե, գլխավոր թիրախն Իրանն է, բայց կողքին անկասկած Հայաստանն է։
Երբ Էրդողանը հեռանում էր Արցախից, պահպանելով ավանդույթը, հարցազրույց է տվել օդանավում՝ իրեն ուղեկցող լրագրողներին։ «Զանգեզուրի անցումը Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն ուղի է՝ դեպի Թուրքիա և թյուրքական աշխարհ: Մենք ակնկալում ենք, որ հարևան Իրանը ևս կաջակցի տարածաշրջանում խաղաղությանը, հանգստությանը և զարգացմանը նպաստող այս քայլերին»:
Թուրքիայի նախագահի այս հայտարարությունից երեք հետևություն՝ Իրանը դեռ դիմադրում է։ Փաշինյանին զիջել են միայն «Զանգեզուրի միջանցք» եզրը (այն էլ միայն Էրդողանի ձևակերպումներում, որովհետև թուրքական պետական կառույցները և մեդիան հենց Էրդողանի այս հայտարարությունը ներկայացնելիս, գործածում են)։ Էրդողանը չի գործածում միջանցք բառը, բայց Հայաստանի տարածքը թուրքական միջանցքի վերածելու և Թուրքիան և թյուրքական աշխարհը կապելու պլանը, իհարկե, էրդողանական առաջնահերթություն է։
Եվ երրորդը՝ խաղաղության մասին խոսում են Փաշինյանը և էրդողանը, միայն թե Էրդողանը պարզ հայտարարում է, թե ինչ միջանցքային գնով է լինելու այդ «խաղաղությունը»՝ Ալիևին ունենալով որպես «պլան բ»։
Իհարկե, այս պատմության մեջ բոլորն իրենց շահն ունեն՝ և՛ Վաշինգտոնը, և՛ Մոսկվան, և՛ Էրդողանը, և՛ Փաշինյանը։ Զոհասեղանին ամեն ինչից և բոլորից առաջ սահմանին կանգնած հայ զինվորի կյանքն է, Հայաստանը, Սյունիքը։
Եռացող տարածաշրջանում, հանուն շահերի և նախընտրությունների, կրկնվող անպատասխանատու ֆրազով («պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»), պատերազմը բացառելը նշանակում է ՀՀ քաղաքացիներին թողնել անպատրաստ այն արհավիրքի առաջ, որի մեջ հնարավոր է հայտնվենք։ Նշանակում է ՀՀ քաղաքացիներին պահել թմբիրի մեջ ու բերել անակնկալի, ինչպես եղավ «հաղթելու ենք» ֆրազի վերջում։
Հետևաբար, որքան էլ ծանր լինի ընդունելը, ո՛չ Արցախը տալով ենք հանգիստ ապրում (սա ևս երեք տասնամյակ Հայաստանում իրագործված քարոզչություն էր՝ նույն թմբիրի տրամաբանությամբ), ոչ էլ Սյունիքը տալով հանգիստ կապրենք։ Հարցն այն է՝ կկարողանա՞նք Սյունիքում կանգնեցնել Հայաստան մտած թշնամուն, թե՞ մեր Սարդարապատն Արցախն էր։
Անի ԱՎԵՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում