Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են զոհվածների մարմինների փոխանակման շուրջ

Նմանատիպ
Ուկրաինական և ռուսական պատվիրակությունները Ստամբուլում բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում պայմանավորվել են զոհվածների մարմինների նոր փոխանակում իրականացնել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար, ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
«Մենք նաև պայմանավորվել ենք 6 հազար դիակների վերադարձի մասին՝ 6 հազար զոհված զինվորների համար»,- ասել է նա, սակայն ժամկետների և այլ մանրամասների մասին չի հայտնել։
Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կիևը կուսումնասիրի կարգավորման մասին ռուսական հուշագիրը և կարձագանքի դրանում շարադրված դրույթներին, ՊՆ Ռուստեմ Ումերովն էլ հստակեցրել է, որ ռուսական հուշագրին ծանոթանալու համար ուկրաինական պատվիրակությունը մեկ շաբաթ կունենա:
Ուկրաինան առաջարկել է նաև Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել հունիսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում։
Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ՝ կողմերը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ հուշագրերով, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման մասին, հիվանդներն ու ծանր վիրավորները կփոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով, կփոխանակվեն նաև մինչև 25 տարեկան գերիները, գերիների փոխանակման ընդհանուր թիվը կկազմի առնվազն 1000 մարդ, կողմերը պայմանավորվել են առանձին հատվածներում կրակի դադարեցման մասին, որպեսզի հնարավոր լինի հավաքել զոհվածների մարմինները, Ռուսաստանը ստացել է հակամարտության ընթացքում բարդ իրավիճակում հայտնված երեխաների ցուցակը, Ռուսաստանը ոչ մի երեխայի չի առևանգել և վերադարձնում է երեխաներին, եթե գտնվում են նրանց օրինական ներկայացուցիչները, Կիևը երեխաների առևանգման թեմայից «շոու է կազմակերպել սրտացավ եվրոպացիների համար», Ռուսական հուշագրի երկրորդ մասը նախատեսում է մի քանի ուղիներ և քայլերի հաջորդականություն՝ լիարժեք հրադադարի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում