Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը կանխվել է

Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը X սոցիալական հարթակում հայտնել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականների կողմից կանխվել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը։
Ռանջբարանը պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Թեհրանում։ «Եթե հայրենիքի անհայտ զինվորների անվտանգության միջոցառումները չլինեին, հնարավոր է` իրականացվեր Իսրայելի խոշոր դավադրությունը, որը, փառք Աստծո, ձախողվեց», – գրել է դիվանագետը։ Մահափորձի որևէ հանգամանք չի բացահայտվել։
Նշենք, որ Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց հետո Ա․ Արաղչին մի քանի ուղիղ հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ։ Նա, ի թիվս այլ բաների, ասել է, որ Թեհրանը չի վերադառնա բանակցություններին, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը ուրբաթ Ժնևում բանակցություններ կանցկացնի ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ։ Բանակցությունները կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի վրա՝ Թեհրանի և Թել Ավիվի միջև հակամարտության սրման ֆոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում