ԱՄՆ և եվրոպացի դիվանագետների գաղտնի բանակցությունների ֆոնին՝ Իրանը չի հրաժարվում ուրանի հարստացումից

Նմանատիպ
CBS News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ և եվրոպացի դիվանագետները հայտնել են, որ գաղտնի բանակցություններ են ընթանում այն մասին, թե ով պետք է հաջորդը ղեկավարի Իրանը, արդյոք կարելի է ապահովել միջուկային օբյեկտներն ու նյութերը, և տարածաշրջանային դաշնակիցների համար միջուկային օբյեկտներին հասցվող ռազմական հարվածների հնարավոր հետևանքների մասին։
«Վերջին շաբաթների ընթացքում Թրամփը հիասթափություն է հայտնել այն փաստից, որ չնայած Իրանը նստել է բանակցությունների սեղանի շուրջ, նրա առաջնորդները չեն ցուցաբերել իրական բանակցություններ վարելու պատրաստակամություն։ Իրանը երկու շաբաթ շարունակ չի արձագանքել Ուիթքոֆի վերջին առաջարկին՝ ո՛չ մերժելով, ո՛չ էլ ընդունելով նրա պայմանները»,- գործակալությանն ասել է ամերիկացի պաշտոնյան։
Այս ամենին զուգահեռ՝ NBC News-ի հետ հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ասել է, որ ԱՄՆ միջև բանակցությունները վերսկսելու համար Վաշինգտոնը պարզապես պետք է պահանջի, որ Իսրայելը դադարեցնի Իրանին հասցվող ավիահարվածները։
«Ես կարծում եմ, որ եթե ամերիկացիները լուրջ են վերաբերվում դիվանագիտությանը վերադառնալուն, ապա Վաշինգտոնից Թել Ավիվ մեկ հեռախոսազանգը բավարար է ամեն ինչ կանգնեցնելու համար։ Նրանք կարող են շատ արագ կանգնեցնել այս գործընթացը, և այդ ժամանակ մենք կրկին կքննարկենք դիվանագիտությունը»,- ասել է նա։
Արաղչին նաև հայտնել է, որ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից, ինչպես պահանջել է Թրամփը՝ հավելելով, որ դա հասկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին։
«Ես նրան մի քանի անգամ ասել եմ, որ զրոյական հարստացումն անհնար է։ Այժմ մեր միջև անվստահություն կա, քանի որ նա չի կատարել իր խոստումները»,- ասել է նա։ Սակայն նա և Ուիթքոֆը շարունակում են շփվել, ասել է իրանցի պաշտոնյան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում