ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում:

«Մենք ավարտել ենք մեր շատ հաջող հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա», – ասվում է գրառման մեջ: Թրամփը նաև ասել է, որ ամերիկյան ինքնաթիռներն արդեն լքել են Իրանի օդային տարածքը:

«Այսօր երեկոյան ես կարող եմ ողջ աշխարհին հայտարարել․ հարվածները եղան փայլուն ռազմական հաջողություն։ Իրանի ուրանի հարստացման հիմնական օբյեկտները ամբողջությամբ և անդարձ կորուստով ոչնչացվել են։ Իրանը, որը տասնամյակներ շարունակ ահաբեկել է Մերձավոր Արևելքը, այժմ պարտավոր է ընտրել խաղաղության ուղին։ Հակառակ դեպքում հաջորդ հարվածները կլինեն շատ ավելի մասշտաբային՝ և զգալիորեն ավելի դյուրին իրագործման համար»,-նշվում է ուղերձում։

Իր հաջորդ գրառման մեջ Թրամփն նշում է, որ սա պատմական պահ է Միացյալ Նահանգների, Իսրայելի և ամբողջ աշխարհի համար: Նրա խոսքով՝ «Իրանը պետք է համաձայնի դադարեցնել պատերազմը»:

Հարձակման ժամանակ օգտագործվել են B-2 ռազմավարական ռմբակոծիչներ, օգտագործվել են բունկերային ռումբեր և Tomahawk թևավոր հրթիռներ: Թրամփը դիմել է ազգին, որում ասել է, որ Իրանի ուրանի հարստացման հիմնական օբյեկտները լիովին ոչնչացվել են:

Թրամփը կրկին կոչ է արել Իրանին «խաղաղություն կնքել», հակառակ դեպքում ԱՄՆ-ն նոր հարվածներ կհասցնի:

ԱՄՆ-ն կապ է հաստատել Իրանի հետ՝ տեղեկացնելու համար, որ իրենք միայն հարվածներ են պլանավորում և չեն հետապնդում Թեհրանում կառավարությունը փոխելու նպատակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան հեռուստատեսությանը։

Թեհրանը հայտարարել է, որ Իրանը սպասում էր Ֆորդոյի վրա հարձակման, ուստի «օբյեկտը վաղուց տարհանվել էր, և վնասը անդառնալի չէր»։

Նշենք նաև, որ Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո Իսրայելը սահմանափակ գործունեության ռեժիմ է սահմանել, և ամբողջ երկրում արգելվել են հավաքներն ու կրթական միջոցառումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում