«Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա իմ պաշտոնավարման ընթացքում»․ Թրամփ

«Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա իմ պաշտոնավարման ընթացքում»․ Թրամփ

The Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվի Հյուսիսատլանտյան դաշինքի վրա այնքան ժամանակ, քանի դեռ ինքը զբաղեցնում է նախագահի պաշտոնը։

Ըստ աղբյուրի՝ Թրամփը գագաթնաժողովի հիմնական նիստի ժամանակ հանդես է եկել դրական գնահատականով դաշինքի պաշտպանական ծախսերի վերաբերյալ և ընդգծել, որ իր նախագահության ընթացքում ՆԱՏՕ-ի անվտանգությանը սպառնալիք չի լինի Ռուսաստանի կողմից։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 24-25-ը՝ Հաագայում։ Եզրափակիչ հաղորդագրության մեջ անդամ երկրները համաձայնել են մեղմել հռետորաբանությունը ՌԴ նկատմամբ և մեծացնել ռազմական ծախսերը։ Փաստաթղթում նշվում է Ուկրաինայի աջակցությունը՝ որպես պաշտպանության ծախսերի համատեքստում, սակայն առանձին կետով չի շեշտվում Կիևի անդամակցության հեռանկարը։

Հավելենք նաև, որ վերջին շրջանում Արևմուտքում հաճախ են հնչում կարծիքներ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հնարավոր ուղիղ ռազմական բախման մասին։ Դաշինքը ցուցաբերում է աննախադեպ ակտիվություն Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ՝ ներկայիս նախաձեռնությունները ներկայացնելով որպես «ռուսական ագրեսիայի զսպում»։

Ի դեպ, Ռուսաստանը բազմիցս նշել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները հակասում են անվտանգության պահպանման տրամաբանությանը և հանգեցնում են լարվածության սրմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում