Իրանն ազդարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատրաստ է բանակցությունների իր միջուկային ծրագրի շուրջ

Իրանն ազդարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատրաստ է բանակցությունների իր միջուկային ծրագրի շուրջ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է արել՝ նշելով, որ Իրանն ազդարարել է, որ սկզբունքորեն պատրաստ է բանակցությունների ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն պնդում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է մեղմացնի իր տոնը։

«Եթե նախագահ Թրամփը լուրջ է տրամադրված համաձայնության հասնելու հարցում, նա պետք է հրաժարվի իր անհարգալից և անընդունելի հռետորաբանությունից Իրանի բարձրագույն առաջնորդ, մեծ այաթոլլա Ալի Խամենեիի հասցեին և դադարեցնի վնաս պատճառել նրա միլիոնավոր հավատարիմ հետևորդներին»,-գրել է արտգործնախարարը։

«Բարյացակամությունը ծնում է բարյացակամություն, իսկ հարգանքը՝ հարգանք»,-հավելել է Արաղչին։

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում են բանակցություններ Թեհրանի հետ։ Թրամփը նշել է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, և որ վերջին հարձակումները հետ են շպրտել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը մի քանի տարով։ Միևնույն ժամանակ, Թրամփը կեղծ լուր է անվանել ամերիկյան մի շարք լրատվամիջոցների՝ CNN-ի և The New York Times-ի այն պնդումները, թե Սպիտակ տունը դիտարկում է Իրանի համար 30 միլիարդ դոլար (25,5 մլրդ եվրո) հատկացնելու հնարավորությունը խաղաղ միջուկային ծրագրի նպատակով։ Իսրայելի հատուկ ծառայությունները նախնական գնահատմամբ, ԱՄՆ հարվածների հետևանքով հասցված վնասը գնահատել են «նշանավոր»։

Axios պարբերականը մեջբերում է իսրայելական աղբյուրներից մեկին. «Մենք չենք կարծում, թե գործողությունը ձախողվեց, և չունենք որևէ նշան, որ հակաբունկերային ռումբերը չեն աշխատել։ Ոչ ոք հիասթափված չէ»։

Ավելի վաղ CNN-ը և The New York Times-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության նախնական տվյալներին, հայտնել էին, որ հարվածների արդյունքում ոչնչացվել է Իրանի միջուկային նյութի միայն փոքր մասը, իսկ Թեհրանին հաջողվել է տեղափոխել և թաքցնել հարստացված ուրանի մեծ մասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում