Փեզեշքիանը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել հրաժարվել երկակի ստանդարտների քաղաքականությունից

Նմանատիպ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ իրենք ակնկալում են, որ ՄԱԳԱՏԷ-ն չի խախտի ինքնիշխան պետությունների իրավունքները, կհրաժարվի երկակի ստանդարտների կիրառումից և պատշաճ կերպով կպաշտպանի ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության բոլոր ստորագրող երկրների օրինական շահերը։ Նա հայտարարել է, որ երկակի ստանդարտների նման քաղաքականությունը հանգեցնում է տարածաշրջանի և գլոբալ անվտանգության համար լուրջ սպառնալիքների առաջացմանը։ Իրանի նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։
Խոսելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գործողությունների մասին՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի կառավարության, խորհրդարանի և ժողովրդի դիրքորոշումն այսպիսին է՝ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը, չնայած հաստատված համագործակցությանը, օբյեկտիվ չի գործել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի նկատմամբ»։ «Նման պահվածքը մեզ համար բացարձակապես անընդունելի է։ Պատգամավորների գործողությունները, որոնք արտահայտում են Իրանի ժողովրդի կամքը, բնական արձագանք են դարձել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այդ չարդարացված, ապակառուցողական և խայտառակ որոշումներին», – հավելել է Փեզեշքիանը։
Հիշեցնենք, որ Թեհրանում ավելի վաղ նշել էին, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները, որոնց հարվածներ են հասցրել Իսրայելն ու ԱՄՆ-ը, գտնվել են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության և պաշտպանության ներքո, որը ոչինչ չի արել՝ այդ հարձակումները կանխելու համար:
Հիշեցնենք նաև, որ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ Իսլամական Հանրապետության համագործակցության դադարեցման մասին օրինագծի տեքստին: Հունիսի 26-ին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է օրինագծի տեքստը։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ նոր օրենքը հստակեցրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության շրջանակները, սակայն ամբողջությամբ չի արգելափակել փոխհամագործակցության ուղիները․ այդ հարցի լուծումը թողել է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայեցողությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում