Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիները մինչև հիմա չեն ստացել հյուպատոսական աջակցություն․ Զախարովա

Նմանատիպ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիները մինչև հիմա չեն ստացել հյուպատոսական աջակցություն։
«Ես քիչ առաջ կապի մեջ էի մեր դեսպանի հետ։ Նա ասաց, որ, ցավոք, ձերբակալվածներին, ինչպես նաև արդեն կալանավորվածներին դեռ հյուպատոսական աջակցություն չեն թույլատրել։
Մենք ակնկալում ենք, որ այն կտրամադրվի, պետք է տրամադրվի։ Բաքվում մեր դիվանագետները աշխատում են, մենք այստեղ աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ ունեն, ինչը «դուր չի գալիս որոշ ուժերի։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Բաքվի դատարանը ՌԴ 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրանք ձերբակալվել էին Իրանից թմրանյութեր տեղափոխելու ու կիբեռհանցագործության կասկածանքով։ Բաքվի դատարանն ավելի վաղ 4 ամսով կալանավորել էր «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
Նշենք, որ Ադրբեջանի և ՌԴ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ՌԴ Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն հայտնել է Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեության կասեցման մասին: Այն, ըստ քննիչների, առնչվում է 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանություններին
Հետևեք մեզ նաև Telegram-ում