Արգելվել է Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ

Արգելվել է Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ

Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել էր, որ փորձագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ արգելվել է:

«Սահմանապահները նրա մուտքն արգելելու հետ կապված որևէ հիմնավորում չեն ներկայացրել, սակայն վստահ եմ, որ դրա հիմքում քաղաքական դրդապատճառներն են` հաշվի առնելով Կարենի հրապարակային դիրքորոշումներն ու իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև այս պահն իշխանությունը նման ձևով է վարվել աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի նկատմամբ և արգելել այն մարդկանց մուտքը Հայաստան, որոնց տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումներից»,-գրել էր Աբրահամյանը:

Ավելի ուշ Իգիթյանը ներկայացրել էր, ՀՀ մուտքն արգելելու վերաբերյալ մանրամասներ՝ նշելով․ «Ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան: Վերադառնում էի Երևան Պյատիգորսկից, որտեղ մասնակցել էի «Կովկասյան երկխոսությանը» և խոսել Թուրքիայի կողմից Կովկասում տարածվող արմատականության մասին: Հանրապետություն ժամանելուն պես ԱԱԾ սահմանապահ զորքերը հայտնեցին, որ ինձ արգելվել է մուտք գործել երկիր: ԱԱԾ-ի և օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներին հարցեր չունեմ. նրանք իրենց պահեցին հնարավորինս ճիշտ և պրոֆեսիոնալ:

Բայց ահա Հայաստանի իշխող ուժերին ուղղված հարցեր կան (հռետորական): Ո՞րն է արգելքի պատճառը: Այն, որ լրատվամիջոցներում հանդես եկա ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցո՞ւ: Կամ այն, որ խոսեցի Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասի՞ն: Վերջին 16 տարիների ընթացքում ես ապրել և աշխատել եմ Հայաստանում: Ափսոս, որ հիմա չեմ տեսնի հարազատներիս, ուսուցիչներիս, ընկերներիս և ուսանողներիս:

Դասախոսները կհասկանան՝ ի՞նչն է հատկապես տխրեցնում այս իրավիճակում. անհանգստանում ես տղաների համար, ովքեր սպասում էին դասախոսություններին, ուզում էին գրել իրենց թեզերն իմ ղեկավարությամբ»,-գրել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում