Ավերիչ ուժերը ապօրինություններ են կատարում Մայր Աթոռի նկատմամբ. Եզրաս Սրբազան

Ավերիչ ուժերը ապօրինություններ են կատարում Մայր Աթոռի նկատմամբ. Եզրաս Սրբազան

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Ամենքս գլխահակ և մտահոգ, հայաթափված Արցախով, ավերված սրբություններով կանգնած ենք կործանարար ցնցումների և արհավիրքների առջև։

Վտանգաշատ, ավերիչ և խավարամիտ ուժերը վխտում են մեր շուրջը, որոնք կարծեցյալ լույսի ներքո մեզ գլորում են մահաբեր խավարը, ապօրինություններ կատարում Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների նկատմամբ, թշնամանք և ատելություն սերմանում, բռնության կոչեր անում: Այս հարձակումների հորձանուտում են հայտնվել մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ սրբազանները, մեծանուն բարերար Սամվել Կարապետյանը և մի շարք հայորդիներ:

Սա անընդունելի և անհանդուրժելի է, քանի որ հղի է ազգի համար անդառնալի հետևանքներով։ Պատմությունը հուշում է, որ խավարամիտ ուժերը հաճախ են մեզ հալածել, մոլորեցրել, սակայն ինչպես առաքյալն է ասում. «Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում