Ալիևի վերլուծաբանը հուշում է՝ ԱՄՆ-ի միջանցքային առաջարկը Հվ. Կովկաս լարվածություն, սադրանքներ և ահաբեկչութուն կբերի

Ալիևի վերլուծաբանը հուշում է՝ ԱՄՆ-ի միջանցքային առաջարկը Հվ. Կովկաս լարվածություն,  սադրանքներ և ահաբեկչութուն կբերի

Հայաստանի տարածքի այն հատվածը, որը թուրքերը պահաջում են իրենց միջանցքի համար, առաջարկում է վարձակալությամբ վերցնել ԱՄՆ-ը, և այս առաջարկը բուռն քննակում են ոչ միայն Հայաստանում, այլև բնականաբար Բաքվում և Թուրքիայում։ Ալիևի պաշտոնական արձագանքը եղավ օկուպացված մայրաքաղաք Ստեփանակերտում, Էրդողանը դեռ լուռ է, ներկայացնում ենք Ալիևի ոչ պաշտոնական դիրքորոշումը, այն դիրքորոշումը, որի մասին նպատակահարմար չի համարում ինքը հայտարարել։ Բաքվի ամենահայտնի մեդիաքարոզիչներից մեկին գործուղել են թուրքական հեռուստաեթեր, որը իհարկե, սկսում է «պատմական հող» եզրից:

«Իրականում այս Զանգեզուրի միջանցքը նոր խնդիր չէ, նոր հարց չէ։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը նոյեմբերի 10-ին ստորագրեցին եռակողմ համաձայնագիր։ Այս համաձայնագրում հստակ նշված է, որ պետք է ստեղծվի ցամաքային ճանապարհ, որը կկապի Ադրբեջանը, Նախիջևանը և այնտեղից էլ Թուրքիան՝ Հայաստանի տարածքով, Ադրբեջանը սա է կոչում Զանգեզուրի միջանցք։ Հայաստանը դեմ է այն Զանգեզուրի միջանցք անվանելուն։ Որովհետև Հայաստանը Սյունիք է կոչում այն տարածքը, որը մենք անվանում ենք Զանգեզուր: Չնայած այն պատմականորեն Ադրբեջանի տարածք է, միջազգայնորեն ճանաչված է որպես Հայաստանի տարածք», – ասում է Ահմեդ Շաիրօղլուն:

Եթե Հայաստանի տարածքը, եթե Սյունիքը գրավելու մտադրություն և ծրագիր Բաքվում չկա, և միջանցքն այդ ծրագրի սկիզբը, առաջին արարը չէ, (թեև սկիզբ կարող ենք կոչել Արցախի օկուպացիան), ինչու են ամեն պատեհ-անպատեհ առիթով Բաքվի քարոզիչները կեղծում, թե Սյունիքը «պատմական ադրբեջանական» հող է։ Ընդ որում դա անում է ոչ միայն այս ադրբեջանցին, որը թուրքական մեդիայից բացի նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների եթերում է նույնն անում, այլև Ալիևը:

«Եվ միջազգային մակարդակով, և Հայաստանի հետ երկկողմ շփումներում մենք անընդհատ շեշտում ենք՝ պետք է լինի Ադրբեջանից Ադրբեջան անխոչընդոտ անցում։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների։ Սա մեր պահանջն է՝ հաշվի առնելով, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը մեզնից խլեց Արեւմտյան Զանգեզուրը, հանցանք գործեց Ադրբեջանի ժողովրդի դեմ։ Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը: Մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից. սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցում»,- հայտարարել էր Ալիևն այս տարվա հունվարին՝ առաջին անգամ մեջտեղ բերելով նաև Հայաստանի տարածքով «անխոչընդոտ անցնելու» պահանջը:

Ալիևի վերլուծաբանը շարունակում է Թուրքիայի հեռուստադիտողներին բացատրել Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի շուրջ եղած վիճակը՝ արդեն խոսելով դիմադրողների մասին. «Ռուսաստանի միջնորդական և վերահսկողական դերը այս Զանգեզուրի միջանցքում հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրով: Բայց Ռուսաստանն Ուկրաինայում զբաղված էր իր գործերով և միջամտեց Իրանը։ Իրանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը հակասում է Իրանի քաղաքական և առևտրային շահերին և դա թույլ չի տա որովհետև ապագայում Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են այդ հողերը խլել՝ փողով կամ պատերազմով։

Եթե Իրանում տեսնում են նման ռիսկ, որ Թուրքիան կամ Ադրբեջանը, ստանալով միջանցք Հայաստանի տարածքով, կարող են հաջորդ քայլն անել և ինչ-որ կերպ խլել հայերից Սյունիքը, ապա ինչո՞ւ այդ ռիսկը չեն տեսնում Հայաստանում, պնդելով, թե Թուրանը վտանգավոր չէ: Ամեն ինչ Փաշինյա՞նն է ճիշտ տեսնում, թե՞ պետականության ու դիվանագիտության հազարամյակների պատմություն ունոցող Իրանում չեն հասկանում քաղաքականությունից, աշխարհաքաղաքականությունից, Թուրքիայի ծրագրերը չեն տեսնում։

«Իրանն առաջարկեց իր տարածքով 5 կիլոմետր լայնությամբ միջանցք նույն պայմաններով, սահմանին մոտ գտնվող հատվածում։ Ադրբեջանը համաձայնեց դրան։ Արաքս գետի վրայով նույնիսկ կամուրջներ կառուցվեցին, Բաքվի և Թեհրանի միջև պայմանագիր կնքվեց։ Փաստորեն, մի քանի տարի առաջ Ադրբեջանը դադարեցրեց Զանգեզուրի միջանցքի կառուցումը՝ առաջնահերթություն տալով Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հույս ունենալով միջանցքի հարցը քննարկել ապագայում։ Ադրբեջանցի պաշտոնյաները որոշ ժամանակ հայտարարեցին, որ Զանգեզուրի միջանցքը այս պահին օրակարգում չէ։ Եկեք ստորագրենք համաձայնագիր Երևանի և Բաքվի միջև։ Այնուհետև կտեսնենք՝ ինչ կլինի», – ասում է Շաիրօղլուն:

Հետո, ինչպես նշում է Ալիևի վերլուծաբանը, եղավ ադրբեջանական օդանավի կործանումը, ինչի համար Ալիևը մեղադրում է Մոսկվային, և Մոսկվա-Բաքու հարաբերություններում նկատելի լարվածություն է։ Թուրքական հեռուստաեթերում արձանագրում են՝ Երևան-Բաքու հարաբերություններում ևս նույն լարված վիճակն է, և սա պատահականություն չէ:

«Այո, այո, դա էլ կա։ Ամերիկան սա օգտագործեց որպես հնարավորություն։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի ժամկետն ավարտվում է։  Այն ստորագրվել էր 5 տարով։ Եվ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը դեմ են համաձայնագիրը ևս 5 տարով երկարաձգելուն, կամ եթե համաձայն չեն, համաձայնագիրը կկորցնի ուժը։ Հնարավոր է, որ Մոսկվան այժմ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ այն 5 տարով երկարաձգելու համար։ Բայց այժմ, ներկա պայմաններում և ներկա հարաբերություններում, համաձայնագրի երկարաձգումը հազիվ թե հնարավոր լինի։ Ահա թե ինչու է Ամերիկան սա վերածում հնարավորության՝ Հայաստանի և Ադրբեջանի համար կարևոր այս միջանցքի վերահսկողությունը ստանալու համար», – Բաքվի ընկալումները ներկայացնում է Շաիրօղլուն՝ հավելելով, որ Վաշինգտոնի այս քայլնառավել մեծ կարևորություն է ստանում, որովհետև այնարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը՝  նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի մարդը:

Հայաստանի հրապարակավ հայտարարված դիրքորոշմանը՝ Փաշինյանի դիմադրությանը Բաքվում, պարզվում է՝ չեն հավատում։

«Այժմ, Հայաստանը իբր դեմ է դրան՝ պնդում են, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, և երրորդ երկրի կամ որևէ ընկերության կողմից այնտեղ կառավարումը համարժեք կլինի Հայաստանի ինքնիշխանության կորստին», – նշում է Ալիևի վերլուծաբանը ու նշում, որ Բաքուն էլ իր պայմաններն ունի:

Ադրբեջանի պայմանները հիշենք Բաքվի օկուպանտի ձևակերպմամբ՝ անցած շաբաթ, օկուպացված մայրաքաղաք Ստեփանակերտից։ Երբ հայտարարեց, թե ադրբեջանցիները չպետք է հայերի երեսն անգամ տեսնեն։

«Զանգեզուրի միջանցքի վարձակալությունն ամերիկյան ընկերության տալու հարցը պետք է ուղղել Հայաստանի ղեկավարությանը: Մեր տարածքում օպերատոր, վարձակալություն չի լինի: Մենք ամեն ինչ ինքներս ենք անում: Ի՞նչ է ուզում անել Հայաստանը: Չգիտեմ: Նրանք շատ բան կարող են անել: Նրանք հրավիրել են եվրոպացի այսպես կոչված դիտորդներին, որոնք լավ պատրաստված լրտեսներ են, լրտեսել են Ադրբեջանի դեմ և, ի դեպ, վերջերս լրտեսել են նաև Իրանի դեմ: Իսրայելա-իրանական վերջին բախման ժամանակ նրանք քայլում,  մեքենայով անցնում էին Իրանի սահմանի երկայնքով: Նրանք սիրում են մեզ նայել հեռադիտակով: Մենք էլ նույնն ենք անում: Վաղը նրանք կարող են հրավիրել, չգիտեմ՝ ում կարող են հրավիրել: Նրանք կարող են հրավիրել ցանկացած մեկին: Մեզ համար կարևոր է, և ես ևս մեկ անգամ Աբու Դաբիում իմ գործընկերոջն ասացի, որ մենք ունենանք անարգել և անվտանգ հասանելիություն Ադրբեջանից Ադրբեջան։ Սա մուտք է երկրի մի մասից մյուսը, և ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է երես առ երես հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ մեկին: Սա մեր օրինական պահանջն է, և ես կարծում եմ, որ այն բացարձակապես արդարացի է, հակառակ դեպքում մեր ժողովուրդը վտանգի տակ կլինի», – հայտարարել էր Ալիևը:

Եվ այն, ինչը չի կարող Ալիևն ուղիղ ասել, ասում է նրա փորձագետը՝ Բաքվի, կարող ենք ասել, գրեթե պաշտոնական դիրքորոշումը ամերկյան առաջարկի, ընդհանրապես թուրքական միջանցքում որևէ միջնորդի մասին. «Այժմ, Ամերիկայի՝ հազարավոր կիլոմետրերից, օվկիանոսի այն կողմից գալը և Հարավային Կովկասում այս նախագիծը վերահսկել, բնականաբար, լարվածություն կառաջացնի Հարավային Կովկասում: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը չեն լռի, և, ի վերջո, լարվածություն կառաջանա: Կարող են լինել սադրանքներ, ահաբեկչական հարձակումներ: Վերջին հաշվով, այս տարբերակը որևէ դրական բան չի խոստանում այս միջանցքի անվտանգության կամ ապագա կայունության համար»:

Իհարկե, Թուրքիան և Ադրեջանը ցանկանում են իրենք վերահսկել Հայաստանի տարածքով թուրքական միջանցքը, որովհետև թեև Վաշինգտոնը, Բրյուսելը իրենց պլաններն ունեն այդ միջանցքի մասով, որոնք այս պահին չեն հակասում Թուրքիայի շահերին, բայց Թուրքիայի շահերը հեռահար են և թուրքական աշխարհի միավորում Էրդողանը չի կարող կազմակերպել ամերիկյան, եվրոպական, ռուսական կամ հայկական վերահսկողությամբ միջանցքով։ Թուրքիային թուրքական միջանցք է պետք։ Եվ դրան հասնելու փափուկ ճանապարհն էլ գիտեն:

«Իհարկե, ավելի հեշտ կլիներ, եթե այս հարցը լուծվեր Հարավային Կովկասում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների միջև: Դա կարող էր տեղի ունենալ ավելի հանգիստ, խաղաղ ճանապարհով: Լավագույն սցենարը, իհարկե, այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լուծեն սա միմյանց միջև, ու Ամերիկայի, Ռուսաստանի կամ Իրանի կարիքը չի լինի: Բայց եթե երկու երկրները դեռ չեն ստորագրել խաղաղության համաձայնագիրը, մենք դեռ միմյանց թշնամիներ ենք համարում: Ահա թե ինչու Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանում են, որ նախ ստորագրվի խաղաղության համաձայնագիր: Ժողովուրդների միջև ստեղծվի խաղաղության մթնոլորտ, խաղաղության զգացողություն»,-Փաշինյան–Ալիև համաձայնագրի տողատակերը բացատրում է Շաիրօղլուն:

Հավանաբար ժողովուրդների միջև խաղաղության մթնոլորտի, խաղաղության զգացողության պայմաններում է Ալիևը պահանջում, որ ադրբեջանցիները չտեսնեն հայերի երեսը: Իսկ նրա փորձագետը ավելի հեռուն է գնում՝ ուրվագծելով Բաքու–Անկարա ծրագիրը:

«Գուցե ավելի ուշ մենք ինքներս կկառավարենք այդ միջանցքը։ Եթե ադրբեջանցիները վստահեն հայերին, իսկ հայերը՝ ադրբեջանցիներին, եթե մոռանանք այդ պատերազմի դառը հետևանքները, կարող ենք ինքներս կառավարել այն, վերահսկել այդ միջանցքը։ Բայց ներկա պայմաններում դա մի քիչ անհնար է թվում։ Ահա թե ինչու է Ռուսաստանը նույնպես ցանկանում վերահսկել այն։ Նաև Իրանը, ԱՄՆ֊ն,եվրոպական որոշ երկիներ։ Այո, Թուրքիան ունի այս միջանցքը վերահսկելու ներուժ»,-բացեիբաց հայտարարում է ադրբեջանցի լրագրող – վերլուծաբանը:

Սա է թուրքական իրական պլանը, ահա, թե ինչի համար է «խաղաղության համաձայնագիր» կոչվածը պետք Բաքվին՝ Արցախի օկուպացիան լեգիտիմացնելուց հետո, հայերի աչքին խաղաղության թոզ փչել (Ալիևը հայերի երեսն անգամ տեսնել չի ուզում), այնուհետև հայերի հետ վերահսկել միջանցքը, դրանից հետո, հաջորդ փուլով առանց հայերի վերահսկել հայկական տարածքները։

Անի Ավետյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում